Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը, արխիվ

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

«Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», - հայտարարել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ կիրակի օրը փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` Միացյալ Նահանգները համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:

«Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտը, հավելելով, - «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը»:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է հայկական կողմից 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ:

XS
SM
MD
LG