Մատչելիության հղումներ

Հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանը


ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Թամրազյանը պաշտոնավորում էր 2019 թվականի հունիսի 4-ից: Ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարը մտերիմ հարաբերություններ ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, և օժանդակել է նրան հուլիսին կայացած ռեկտորի ընտրություններում հաղթելու հարցում: Այդուհանդերձ մինչ օրս Կառավարությունը Գալոյանին չի նշանակել այդ պաշտոնում:

Երեկ բուհի ռեկտորատը ուսխորհդրի հետ համատեղ հաղորդագրությամբ հայտնել էր, որ դասեր չեն անցկացվելու, քանի դեռ Գալոյանի նշանակումը տեղի չի ունեցել։

Բուհի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը պնդեց, որ իրենց քայլը պարտադրված է և բխում է ուսանողների շահերից, քանի որ այժմ քանի որ այժմ ԵՊՏՀ-ում կայունություն չկա. - «Կոլեկտիվն էլ ըմբոստանում է: Ամեն դեպքում, երկու տարուց ավել է՝ համալսարանը դե յուրե ռեկտոր չունի, որովհետև համալսարանը անընդհատաբար ղեկավարվել է պաշտոնակատարների կողմից, իսկ էդ պարագայում, բնական է, որ պաշտոնակատարը երկարաժամկետ ռազմավարություն չի կարող ներկայացնել, հաստատել, ավելի երկար ժամանակի տեսլական ունենալ»:

Դիանա Գալոյանն այսօր անձնակազմին հորդորեց վերսկսել ուսումնական գործընթացը՝ ընդունելով, որ դասերի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ։

Ռեկտորի ընտրության օրը՝ հուլիսի 17-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) չեղյալ համարեց Գալոյանի գիտական աստիճանը: Ըստ ԲՈԿ-ի՝ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ ու արտագրություններ: Արդյոք սա է պատճառը, որ բուհը դեռ ռեկտոր չունի, նախարարությունը դեռ չի պարզաբանել:

Դիանա Գալոյան. - «Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը օգոստոսի վերջին դիմել է և' վարչապետին, և' ԿԳՄՍ նախարարին` խնդրելով կա'մ անհապաղ հաստատել որոշումը, կա'մ առնվազն պարզաբանում տալ, թե ինչու է ձգձգվում այս որոշման կայացումը: Բայց մենք որևէ պատասխան չենք ստացել»:

Ընտրություններից առաջ հենց Գալոյանն էր բուհի ռեկտորի պաշտոնակատարը: Ըստ նրա, առանց ռեկտորի տուժում է և' բարեխոփումների գործընթացը, և' միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. – «Այս տարի տնտեսագիտական համալսարանը մի քանի միջազգային ծրագրերում հաղթող է եղել, և միջազգային մեր գործընկերները այս պահին չեն կնքում մեզ հետ պայմանագրերը, որովհետև նրանք պատրաստ չեն երկու-երեք տարվա պայմանագիրը կնքեն պարտականությունները կատարողի հետ: Որովհետև խոսքը գնում է մեծ գումարների մասին»:

ՀՊՏՀ-ի մի շարք ուսանողներ և շրջանավարտներ պնդում են, թե բուհի ղեկավարությունը դասապրոցեսը դադարեցնելով ոտնահարում է իրենց իրավունքները:

Մագիստրատուրայով սովորող Քրիստինե Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ բուհի ղեկավարության քայլերից ուսանողը չպետք է տուժի. – «Ի վերջո եթե էս ամեն ինչը լուծում ստանա, ու ամիսներ հետո դասապրոցես կազմակերպվի, ո՞վ է փոխհատուցելու ուսանողի վնասը»:

Համալսարանից արձագանքում են, թե բաց թողնված դասերը կլրացվեն:

Չնայած այսօր դաս չէր անցկացվելու, սակայն որոշ դասախոսներ, դեմ գնալով բուհի ղեկավարության որոշմանը, ուսանողներին կանչել էին համալսարան Նրանցից մեկը՝ Ֆինանսների ամբիոնի դասախոս Արմենուհի Մհերյանն ասում է՝ քովիդի պայմաններում բարդ է ասելը, թե մեկ շաբաթ հետո ինչ կլինի, ուսանողներն ուզում են սովորորել, քանի դեռ համաճարակային իրավիճակը դա թույլ է տալիս: Բուհի ղեկավարությունը, Մհերյանի խոսքով, նրանց սահմանադրական իրավունքն էր ոտնահարել. – «Այն բոլոր որոշումները, որոնք ընդունվում են համալսարանի ղեկավար կազմի կողմից, իրականում վնասում են առաջին հերթին հենց ուսանողների շահերին»:

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը ներկայացնող դասախոս Ալբերտ Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դասեր չանցկացնելով ուսանողների կարճաժամկետ շահը զոհաբերել է հանուն երկարաժամկետ հեռանկարի՝ կայունության. – «Որպես քաղաքացի, որպես բուհի ավագ հետազոտող, որպես բուհի դասախոս ուզում եմ հասկանամ. լավ, դուք ընտրել եք, դուք անցկացրել եք ընտրություն, օրենքի տառին համապատասխան... ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չեք հաստատում»:

Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնի շուրջ կոնֆլիկտն էր նաև ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի հրաժարականի պատճառը: Նա նշել էր, որ ռեկտորի պաշտոնին հավակնող Դիանա Գալոյանը հովանավորվում է կրթության նախարարության որոշ ներկայացուցիչների կողմից։

Այդուհանդերձ, հրաժարականից չորս ամիս հետո էլ Գոգյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել ԲՈԿ ղեկավարի հրաժարականի դիմումը:

XS
SM
MD
LG