Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 8-ի հանրահավաքի գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Իշխան Սաղաթելյան


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) փակագծեր է բացում՝ հոկտեմբերի 8-ին, Ազատության հրապարակում, նախատեսված համապետական հանրահավաքի գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը խիստ քննադատող 3 ուժերը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» ու Դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրում։ Օրակարգի մասին քաղաքական ուժերը խոստացել էին խոսել առաջիկայում։

«Գլխավոր պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը: Մնացած մանրամասնությունները կհնչեցվեն հանրահավաքում», - ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ նորաստեղծ եռյակը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում, ժամեր անց տեղեկություններ տարածվեցին, որ առաջին ատյանի դատարանն այսօր քննելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը։ Գլխավոր դատախազությունը, շահարկումներից խուսափելու համար, շտապեց վստահեցնել՝ այն, որ Ծառուկյանի կալանավորման հարցով առաջին ատյանի դատարանը նիստ պետք է անցկացնի, դատախազությանը հայտնի է դարձել դեռևս անցած շաբաթ սեպտեմբերի 18-ին, այսինքն շատ ավելի վաղ, քան հանրահավաքի մասին հայտարարել են քաղաքական 3 ուժերը։

Իշխանությունն, ընդորում, պատահական չի համարում, որ նորաստեղծ եռյակը շտապեց տեղեկացնել հանրահավաքի մասին այն ժամանակ, երբ տեղեկացան, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով դատական նիստ է նշանակված։ Ինչպես Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր նշել՝ հանրահավաքի որոշումը հարմարացվել է կալանքի հարցի քննարկմանը։ Մինչդեռ Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում, թե որևէ կապ կա կալանավորման հարցով դատական նիստի և հանրահավաքի միջև։ Ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի, իշխանությունը պարզապես ցանկանում է ցույց տալ, թե ընդդիմությունը օրակարգ չունի և հանրահավաքն ընդամենը Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ է կապված։

«Այս ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ անգամ ասել ենք, որ, այո, երբ որ արտակարգ դրությունը վերանա մենք օգտվելու ենք նաև հանրահավաքներ, երթեր, ցույցեր անելու մեր սահմանադրական իրավունքից: Այս ժամանակահատվածում մենք նաև պարբերաբար խոսել ենք այդ մասին և ընդամենը մի քանի օր առաջ որոշել ենք հանրահավաքի օրը, հիմա դա բերել կապել անմիջական դատավարության հետ չի ստացվելու: Մենք էլ հակառակն ենք ասում, որ այս իշխանությունը շարունակում է այդ ճանապարհով, այդ քրեական գործերով, հետապնդումներով փորձել լռեցնել իր ընդդիմախոսներին և ընդդիմադիր դաշտին», - ասաց Սաղաթելյանը:

Հայ Հեղափոխական դաշնակցությունը կարծում է, որ քաղաքական 3 ուժերին կհաջողվի բազմամարդ հանրահավաք անցկացնել, քանի որ օրակարգը օդից չեն վերցրել, այն կառուցել են հանրային դժգոհությունների և իրենց գնահատումների հիման վրա։ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է, կառավարությունը և խորհրդարանն այլևս ի վիճակի չեն դիմագրավել երկրի առջև կանգնած մարտահրավերներին, կա իրավացի դժգոհություն հասարակական տարբեր շերտերում, և մարդիկ դուրս են գալիս փողոց։

«Եթե չլինի այդ հասարակական աջակցությունը, երեք կուսակցությունները ոչինչ չեն կարող անել, բայց մենք վստահ ենք՝ կա և մենք կկոնսոլիդացնենք այդ հասարակական պահանջը», - նշեց Սաղաթելյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Մինչդեռ իշխանությունը վստահ է՝ հանրային լուրջ դժգոհություն այսօր չկա և ընդդիմադիր 3 ուժերին չի հաջողվելու լուրջ կոնսոլիդացիա ապահովել իրենց շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ հանրահավաքային շարժման հիմքեր պարզապես չկան։

«Այնպես չի, որ իշխանությունը փակել է իր ականջները և չի լսում կամ քննարկումներ կառուցողական չի արվում բարձրաձայնվող հարցերի շուրջ, ըստ էության հիմքեր հանրահավաքային շարժման, հանրահավաքային խոսքի իսկապես չեմ տեսնում, բայց, իհարկե, նրանց իրավունքն է», - նշեց Միրզոյանը:

«Ազատության» հարցին՝ պատահական է համարո՞ւմ, երբ որ նրանք հայտարարեց հանրահավաքի մասին, պարզ դարձավ, որ 18-ին դատարանը որոշում է կայացրել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը քննարկել, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Ի դեպ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Նոր Նորք վարչական շրջանի տարածքային կառույցի պատասխանատուների և համակիրների հետ անդրադարձել է հոկտեմբերի 8-ին կազմակերպվելիք հանրահավաքին՝ ընդգծելով, որ ոչ թե պատերազմ, այլ հանրահավաք են կազմակերպելու։

«Մենք անելու ենք հանրահավաք, այլ ոչ թե պատերազմ, մարդիկ գան, իրենց ձայնը բարձրացնեն», - ասել է Ծառուկյանը:

XS
SM
MD
LG