Մատչելիության հղումներ

Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից


Ալեքսեյ Նավալնին «Շարիտե» հիվանդանոցում, Բեռլին, 19 սեպտեմբերի, 2020թ.

Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից, որտեղ բուժում է ստացել թունավորվելուց հետո:

Նավալնիի առողջական վիճակն օգոստոսի 20-ին կտրուկ վատթարացել է Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում:

Այդ քաղաքի հիվանդանոցում Նավալնին հայտնվել է կոմայի մեջ և ազգականների ու աջակիցների պահանջով՝ Գերմանիայի կառավարության հովանավորությամբ, հատուկ օդանավով փոխադրվել է Բեռլին:

Գերմանացի փորձագետները ստուգումներից հետո հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Եվրոպական երկրները Նավալնիի թունավորումն անվանել են ընդդիմադիր լիդերին սպանելու փորձ և պարզաբանումներ են պահանջել Մոկսվայից: Ռուսաստանը կտրականապես հերքում է Նավալնիին թունավորելու վարկածը և եվրոպացի փորձագետների եզրակացությունն արժանահավատ չի համարում:

«Շարիտե» հիվանդանոցը հայտարարել է, որ Նավալնիի առողջական վիճակն էապես բարելավվել է, հետևաբար, նրան կարելի է դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից:

«Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ թունավորումը երկարատև կտրվածքով», - ընդգծել են գերմանացի բժիշկները:

Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ապաքինվելուց հետո անպայման պետք է վերադառնա Ռուսաստան:

XS
SM
MD
LG