Մատչելիության հղումներ

Բրիտանիան մասամբ վերականգնում է կարանտինի սահմանափակումները


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Վարչապետի փոխանցմամբ, այնուամենայնիվ դա «լոքդաուն» չէ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարդկանց հորդորում է հնարավորության դեպքում տանից աշխատել, իսկ փաբերը, բարերը, սրճարաններն ու ռեստորանները ստացել են սովորական ժամից ավելի շուտ փակվելու կարգադրություն: Ենթադրվում է, որ այս նոր սահմանափակումները մոտ կես տարի կլինեն ուժի մեջ:

«Ցավում եմ, քանի որ այս արգելքները կհարվածեն շատ բիզնեսների, որոնք հազիվ էին սկսել վերականգնվել կարանտինից հետո, բայց մենք պարտավոր ենք դիմել այս միջոցներին և կասեցնել վիրուսի տարածումը բարերում և ռեստորաններում», - ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նրա փոխանցմամբ, Բրիտանիայում ստեղծվում է մի իրավիճակ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայում և Իսպանիայում:

Վերջին շրջանում Միացյալ Թագավորությունում ամեն օր գրանցվում է առնվազն 6 հազար նոր ախտահարում:

Հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թիվն ամեն 8 օրվա կտրվածքով կրկնապատկվում է:

Կառավարությունը նախազգուշացնում է, որ եթե այս միտումը շարունակվի, հոկտեմբերի կեսերին օրական կարձանագրվի միջինը 50 հազար ախտահարում: Բրիտանիայում կորոնավիրուսից մահացությունն ամենաբարձրն է Եվրոպայում:

Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ այնուամենայնիվ այս սահմանվող արգելքները հավասարազոր չեն մարտին հայտարարված համապարփակ «լոքդաունին»:

Բրիտանացի վերլուծաբանները հիշեցնում են, որ Ջոնսոնը դեռ շաբաթներ առաջ մարդկանց հորդորում էր վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին:

Օգոստոսին կառավարությունը հանրությանը դիմել էր «Սնվենք դրսում, սատարենք տեղական բիզնեսին» կոչով, խորհուրդ էր տվել ակտիվացնել սոցիալական կյանքը, ճաշել ռեստորաններում:

Իսկ հիմա սննդի և ժամանցի այդ բոլոր հիմնարկները պետք է երեկոյան ժամի 10-ին փակվեն:

Ջոնսոնը զգուշացրել է, որ պահանջը չկատարող հիմնարկները կտուգանվեն, իսկ իրավապահները հետզհետե ավելի խիստ միջոցներ կկիրառեն արգելքները շրջանցողների նկատմամբ:

XS
SM
MD
LG