Մատչելիության հղումներ

30-ամյա պլաններից առաջ նախ հեղափոխական խոստումները պետք է կյանքի կոչել. Ընդդիմադիրների արձագանքը՝ Փաշինյանի ռազմավարությանը


Վաչապետ Փաշինյանը ներկայացնում է մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։

2050 թվականի ծաղկող Հայաստանի մասին Կառավարության ռազմավարությունը դրական լիցքեր է հաղորդել անգամ Փաշինյանի կոշտ քննադատներին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, խոստովանում է Իվետա Տոնոյանը և շարունակում` հավակնոտ նպատակների իրագործմանը կհավատար, եթե հեղափոխական խոստումներն իրականացրած լինեին:

Իվետա Տոնոյան. – «Ընդամենը իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ հինգ տասնամյակ ընդգրկումով պլաններ ներկայացնելուց առաջ, ընդամենը ոչ վաղ անցյալի հեղափոխության ժամանակ տրված խոստումները կյանքի կոչեին»:

Վարչապետի ներկայացրած ռազմավարությամբ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 5 միլիոն բնակիչ։ Նախատեսում է մինչև 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, ամենամարտունակ բանակն ունենալ աշխարհի առաջատար երկրների առաջին քսանյակում։ 15 անգամ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն, կրթության ֆինանսավորումը 20 անգամ ավելացնել։ Հայաստանը դարձնել արդյունաբերեկան երկիր։ Նույնիսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնության մեդալակիր։

Այս ռազմավարությամբ ձևակերպվել են գործող իշխանության հավակնությունները, և այսուհետ Կառավարության ցանկացած որոշում պետք է միտված լինի այս ռազմավարության մեջ ներառված գաղափարների իրականացմանը, ասել է վարչապետը։

Իվետա Տոնոյան. – «Այս դեպքում թերևս գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք` որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ: Թերևս սա կարող եմ ասել, որովհետև բոլորն էլ հիշում են հեղափոխության չիրականացված խոստումները, բոլոր էն սպասելիքները, որոնք կապվում էին փոփոխությունների հետ: Շատ ավելի լավ կլինի, որպեսզի ժամանակահատվածը, այս ռեսուրսները իշխանությունները օգտագործեն հատկապես տրված և այդպես էլ իրականություն չդարձած խոստումները կյանքի կոչելու համար»:

Փաշինյանի կառավարության 50-ամյա ռազմավարությունը տպավորել է նաեւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Կարեն Սիմոնյանին, բայց թերահավատ է, որ այն իրականաություն կդառնա. – «Եթե դուք ասում եք, որ երկրի բնակչությունը պետք է լինի հինգ միլիոն, և աշխատատեղերը պետք է լինեն մեկ ու կես միլիոն, ինչպիսի՞ աշխատատեղեր են լինելու դրանք, ո՞ր ոլորտի, հանքայի՞ն, հանքարդյունաբերությա՞ն ոլորտի են լինելու, թե՞ կրթության և գիտական ոլորտի են լինելու: Դա էլ է կարևոր: Դուք կարող է ունենաք շատ աշխատողներ, բայց ունենաք աշխատողներ հանքերում»:

Հավակնոտ ցանկություններ նախորդ իշխանությունն էլ ուներ, օրինակ, Սերժ Սարգսյանը նպատակադրվել էր մինչեւ 2040 թվականը հասնել 4 միլիոն բնակչի, բայց քայլերն այլ էին։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, գործող իշխանության քայլերն էլ հեղափոխական չեն ու չեն տանում դեպի ռազմավարությունում նկարագրված Հայաստան. – «Կադրերը որոշում են ամեն ինչ։ Էստեղ էլ բոլորը որոշում են կադրերը: Այսինքն` առայժմ իշխանությունը պատասխանել է «ի՞նչ» հարցին: Ինչպե՞ս և ո՞վ պետք է իրականացնի հարցերի պատասխանները չեմ տեսնում: Ես համոզված եմ, որ կրթության ոլորտում ռազմավարական նպատակադրումները նախարարը չի իրականացնելու»:

5 միլիոն բնակչի հասնելու համար այսօրվա սոցիալաական ծրագրերը բավարար չեն, քննադատում է պատգամավորը։ Կրթական ոլորտի բարգավաճման հարցում էլ լավատես չէ։ Այսօր դրվող հիմքերն արդեն իսկ երերում են, ասում է նա. – «Էկեք հասկանան, երբ դուք շենք եք կառուցում ու հիմքը ծուռ եք գցել, շենքը ուղիղ կկանգնի՞... Ինձ թվում է` չէ: Ու այստեղ խնդիր է մնացած բոլոր ոլորտներում. մենք տեսնում ենք, որ բացառությամբ մեկ-երկու ոլորտի, իշխանությունը մնացած ոլորտներում չի դնում այն հիմնաքարը, որի հիման վրա կկառուցվի ուղիղ շենք»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սա համարում է Կառավարության ցանկությունների, պատկերացումների ուղեցույց, թե որքանով իրականություն կդառնա, դժվարանում է կանխատեսել։ Բայց, ըստ նրա, անկախ քաղաքական ուժերի ու մասնագետների կանխատեսումներից՝ այսպիսի հավակնոտ ծրագրերի կարիք կա. – «Եթե չի լինում հեռանկարին նայելու ձգտումը, հեռանկարային ռազմավարական պատկերացումներ եթե չեն լինում, անընդհատ տվյալ պահի խնդիրների լուծմամբ զբաղվելուց կորցնում ենք նպատակը»:

Թեև անգամ մեկ տարվա ժամկետով կանխատեսումները գլխիվայր շրջվեցին, COVId 19-ը աշխարհում զրոյացրեց հավակնոտ ծրագրերը, այդուհանդերձ տնտեսագետի համար շատերին անհավանական թվացող այս ռազմավարությունն իրագործելի է. – «Եթե որևիցե մեկը ասեր, որ 60-ական թվականների Սինգապուրը 40, 30 տարի հետո կդառնա այն Սինգապուրը, որ այսօր է, կասեին` Դուք ընդհանրապես շատ տարօրինակ մարդ եք: Մեղմ եմ ասում: Եթե որևէ մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի և Ճապոնիայի ավերակները տեսնելով, կասեր, որ դուք քսան տարի հետո ընդամենը դառնալու եք աշխարհի ամենակարևորագույն տնտեսական զարգացած երկրներից մեկը, էլի շատ տարօրինակ կհամարեին»:

Տնտեսագետի համոզմամբ՝ Փաշինյանի նկարագրած Հայաստանին հնարավոր է հասնել, եթե հիմքերը դրվեն 2020-ին, բայց այսօր՝ հետհեղափոխական պայմաններում, տարրական հարցեր լուծում չեն ստանում։

XS
SM
MD
LG