Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը


Մեկամսյա դադարից հետո այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը և շարունակվեց՝ չնայած Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների բոյկոտին։

Իրավահաջորդներն ու փաստաբանները նիստին չեն մասնակցում։ Գործի բուն քննությանը չհասնող դատական նիստերը ժամավաճառություն ու ֆարս է որակել զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի հիմնավորմամբ՝ տուժողները ներգրավված են Մարտի 1-ի գործի այն հատվածում, որը դեռ նախաքննության փուլում է, իսկ սահմանադրական կարգի տապալման մասում տուժողներ չկան։

«Այսինքն՝ եթե դատավարության մասնակիցները նույն կարգավիճակը բոլորը պահպանում են և՛ անջատված մասով, և՛ այն չանջատված մասով, ստացվում է, որ այստեղ գտնվող չորս անձինք նաև մեղադրյալ են այն մասով, որը հիմա գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում», - ասաց Ալումյանը:

Գլխավոր ամբաստանյալ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի համոզմամբ՝ Ալումյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում՝ սահմանադրական կարգի տապալման գործով որևէ մեկը տուժող չի ճանաչվել։

«Առկա է եղել հարուցված քրեական գործ, քրեական գործը վերաբերվել է զանգվածային անկարգություններին, հետագայում դրանից գործ է առանձնացվել արդեն սպանությունների վերաբերյալ դրվագներով, առանձին արաքների վերաբերյալ դրվագներով և յուրաքանչյուր անձ տուժող է ճանաչվել ուղղակիորեն այն արաքից, որով իրեն անմիջականորեն պատճառվել է կամ կարող էր պատճառված լինել վնաս», - նշեց Խուդոյանը:

Մեղադրող կողմը համարում է, որ հիմնական գործով տուժող ճանաչվածները ինքնաբերաբար կարգավիճակը պահպանում են նաև անջատված մասով, հիշեցրեց Հայկ Ալումյանն ու հավելեց՝ եթե այդպես է, ինչո՞ւ Մարտի 1-ի քրեական գործում ներգրավված 228 տուժողից միայն 102-ն է այս անջատված մասում դատակոչվել որպես տուժող։

«Բացարձակապես հասկանալի չէ՝ այդ որ չափանիշով է մի մասը պահպանել տուժողի կարգավիճակը նաև այս անջատված մասով, իսկ ինչո՞ւ մի մասն այն գործով շարունակում է մնալ տուժող, այս գործով տուժող չի համարվում: Եթե այս տրամաբանությունն է, որ ինչքան էլ մասերն անջատվեն, ուրեմն բոլոր՝ և՛ անջատված մասով, և՛ մնացած մասով, բոլորը պիտի դատավարական կարգավիճակը պահպանեն, այդ փաստարկը սնանկ է և հանգեցնելու է այն աստիճանի աբսուրդային իրավիճակների, ինչպես օրինակ, եթե հիմա կարելի է, օրինակ, այն անջատված մասով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ հրավիրել և հարցաքննել», - ասաց Ալումյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Հայկ Ալումյանի ներկայացրած փաստարկներն անհիմն որակեց, իսկ մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանը հիմնավորեց՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշով առաջադրված մեղադրանքը ենթադրում է բռնության հատկանիշ։

«Ես հասկանում եմ, որ տուժողների դատավարական կարգավիճակի դադարեցման միջնորդությունը, իհարկե, սա կանխատեսում է, բայց դատավարական կանխատեսում է, այդ միջնորդությունը ուղիղ կապ ունի առաջադրված մեղադրանքում բռնության հատկանիշի հետ, որովհետև եթե չլինեն տուժողներ, կսկսի վիճարկվել նաև բռնության հատկանիշը մեղադրանքում: Եթե հակառակ կողմից մոտենանք, ապա չի կարող լինել իրականում բռնության հատկանիշ առանց տուժողի դատավարական կարգավիճակի, առանց այն անձի, ով ենթարկվել է բռնության և ում նկատմամբ բռնությունը պատճառական կապ ունի տեղի ունեցած արարքի հետ: Կրկնում եմ, որ առաջադրված մեղադրանքները՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշով, ենթադրում են բռնության հատկանիշ և այդ բռնությունն ինքը առաջադրված մեղադրանքների կարևոր բաղադրիչներից մեկն է», - ընդգծեց Բաղդասարյանը:

Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց։ Նախկին նախագահի պաշտպանների երկրորդ միջնորդությունը շարունակվեց դռնփակ ռեժիմով։ Այս միջնոդրությամբ էլ պահանջում էին վերացնել Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը։

«Քանի որ դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել», - ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի գույքի արգելանքը վերացնելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չունի։ Նիստը կշարունակվի հաջորդ երեքշաբթի։

XS
SM
MD
LG