Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան. Տապալման առումով Ալիևը երևի թե ինքն իր մասին է խոսում


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է»` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ Իլհամ Ալիևը բանակցությունները տապալելու գործում ինքն իրեն մեղադրելու փոխարեն մեղադրել է հայկական կողմին. – «Երևի թե ինքն իր մասին է խոսում տապալման առումով»:

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի տեսանկյունից և իրենց համար անհաղթահարելի պահանջներ դնելը բանակցային գործընթացից առաջ, անընդունելի է», - հավելեց Տոնոյանը:

Շաբաթ օրը տեղական հեռուսաընկերությունների տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև բացասական էր գնահատել Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս վիճակը. – «Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում դառնալ Հայաստանի խորամանկ քաղաքականության մասնակիցը»:

«Եթե Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել», - նաև հայտարարել է Ալիևը:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր չցանկացավ մեկնաբանել Ալիևի հայտարարությունները` ասելով. – «Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»:

Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան

Մյուս կողմից, արտգործնախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց, որ հայկական կողմը պատրաստ է շատ արագ վերադառնալ բանակցային սեղան. – «Հիմա մենք խորհրդակցում ենք խոսում ենք համանախագահների հետ, մենք կապի մեջ ենք, աշխատում ենք և կկարողանանք պայմանավորվել: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց»:

Ալիևի հայտարարություններին երեկ ավելի մանրամասն անդրադաձել էր արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ «Ադրբեջանի նախագահի բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումները պատիվ չեն բերում նրան որպես երկրի ղեկավարի»։

Նաղդալյանը հավելել է. - «Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Եվ որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը», հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասը ապակայունացնելու փորձերից և պատրաստվի խնդրի խաղաղ կարգավորմանը»։

Վերջին օրերին իրավիճակը հանդարտ չէ հայ-ադրբեջանակն սահմանին։ Սեպտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել` կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Այսօր էլ ադբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Տավուշի ուղղությամբ հայ-ադբեջանական սահմանին զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ինչպես նաև խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն «Ազատությանը» սակայն հայտնեց, որ ադբեջանցի զինվորի զոհվելու մասին տեղեկություն չունեն, իսկ հայկական որևէ անօդաչու չի խոցվել։

Բացի այդ, ըստ Ստեփանյանի, հայկակայն կողմը նորից վստահեցնում է, որ «ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունը չի նպաստում սահմանային լարվածության նվազեցմանը»։

Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի վարչապետին ու նախագահին ուղղված շնորհավորական ուղերձներում անդրադարձ կա նաև ղարաբաղյան բանակցություններին։

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նշել է. - «Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով»:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին նշել է. - «Մենք կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

XS
SM
MD
LG