Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի առանձնազրույցը


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը: Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Արցախի նախագահը, իր հերթին, հայտարարել է. - «Վստահ և համոզված կարող եմ ասել, որ, այո, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը»:

«Մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի», - շեշտել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով. - «Մեր ամեն մի հանդիպում իր արդյունքն է տալիս, իր պտուղն է տալիս հետագա մեր գործունեության առումով»:

Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG