Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ղեկավարները, Վեհափառը այցելեցին Եռաբլուր


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի անկախության 29-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հաղորդում են պաշտոնական աղբյուրները:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, փոխանցում է պետության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. - «Երեսուն տարի առաջ մեր ժողովուրդը երազանք ուներ՝ դարերով փայփայած երազանք՝ վերականգնել իր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց: Այս ընթացքում ունեցանք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ, կարծում եմ, բոլոր լավ և վատ դասերը սովորել ենք: Ժամանակն է, որ նորից երազենք, որպեսզի հաջորդ երեսուն տարում կառուցենք ավելի ամուր ու հզոր պետություն: Քսանինը տարի առաջ մենք բոլորով հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում էինք: Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ ու կազմակերպված լինենք, հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG