Մատչելիության հղումներ

Սահմանափակումներով վերաբացվել են նաև կինոթատրոնները


«Շատ վաղուց մեր հաճախորդները գրում էին մեր ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին՝ «ե՞րբ եք բացվելու», որովհետև կար իրենց կողմից հետաքրքրություն», - ասաց «Երևան մոլի» մարկետինգի գծով տնօրեն Շուշան Ավագիմյանը:

Ավելի քան 6 ամսվա դադարից հետո՝ արդեն նոր կանոններով բացվել են նաև կինոթատրոնները։

«Բոլոր հաճախորդները «Կինոպարկ» այցելելիս պետք է կրեն դիմակներ, պետք է ջերմաչափվեն, պետք է լինի սոցիալական հեռավորության պահպանումը, և նստեցումը կատարվում է պարտադիր պահպանելով այդ կանոնները: Եթե զույգով եք հաճախում, երկու հոգի կարող եք իրար կողք նստել, այնուհետև բաց է թողնվում մեկ նստարան և ևս երկու հոգի, անմիջապես իրար կպած աթոռներ, չեն վաճառվում այդպիսի տոմսեր», - ասաց Ավագիմյանը:

Այս կինոթատրոնում, օրինակ, եթե նախկինում օգտագործվում էին բոլոր 120 նստատեղերը, ապա նոր սահմանափակումներով՝ օգտագործվում է ընդամենը 60-ը՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։ Բացվելուց անմիջապես հետո՝ առաջին ֆիլմի ցուցադրությունը լի դահլիճում է անցկացվել։

Կինոսերներն այս պահին հնարավորություն ունեն դիտելու ամերիկյան ֆիլմարտադրության «Մուլանը», «Նոր մուտանտները», «Իմ լրտեսն» ու այլ ֆիլմեր։ Թեև կինոթատրոնների գործունեությունը պանդեմիայի պայմաններում շահութաբեր չէ, սակայն չեն պատրաստվում շահագործումը դադարեցնել։

«Կարողանում ենք կինոարտադրողների հետ որոշակի համաձայնություն ձեռք բերել, որպեսզի շատ վնասով ևս չաշխատի, բայց ասել, որ բացումից հետո մենք օգուտով ենք աշխատելու, այդպես չի լինի, ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի ընդհանրապես ճգնաժամից ամբողջ տնտեսությունը, նաև այս ուղղությունը», - նշեց «Երևան մոլի» մարկետինգի գծով տնօրենը:

Ամենամեծ մտահոգությունը՝ համաճարակի ընթացքում ֆիլմեր չնկարահանելն է, որի պատճառով էլ այժմ ցուցադրվում են դեռ միայն այն ֆիլմերը, որոնք մինչև պանդեմիան են նկարահանվել. «Ցավոք սրտի, դրանց մի մասն արդեն օնլայն հարթակներում կան վատ որակի և հաճախորդների մի մասը դա նայել է, ավելի շատ գալիս են այն մարդիկ, որոնք իրապես կինոսեր են և ուզում են իրենց սիրած ֆիլմը մեծ էկրանին և լավ որակով ևս մեկ անգամ նայել, որը կրկին կինոթատրոնի համար բացասական է անդրադառնալու, բայց ամեն դեպքում, մենք շարունակում ենք մնալ դրական»:

«Գրավիր ամառային դահլիճը» գրությամբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի նստարաններն այսօրվանից կինոսերները կարող են գրավել։ Մեկ տարվա դադարից հետո այն արդեն իսկ վերաբացվել է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ սկսում է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարք։ Այստեղ ևս մինչև 60 հոգի է թույլատրվում։ Ինչ վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնին, այն նախատեսում են վերաբացել սեպտեմբերի վերջին։

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը կինոթատրոնների գործունեության թույլատրման որոշումն ուշացած է համար։ Ըստ նրա, պահպանելով հակահամաճարակային կանոնները, այս ոլորտը կարող էր ավելի վաղ սկսել աշխատանքը։

«Ցանկացած կինոարտադրության համար կինոթատրոն և կինո փոխհարաբերություններն առանցքային նշանակություն ունեն և կինոթատրոնը ոչ թե միայն բիզնես կենտրոն է, որտեղ ֆիլմեր են ցուցադրում և մարդիկ հնարավորություն ունեն ֆիլմեր դիտել գումարի դիմաց, այլ նաև դա շատ կարևոր է հենց մշակութային իր բաղադրիչի տեսանկյունից, այսինքն մթնոլորտի ապահովման և մեկը մյուսի միջոցով ինչ-որ հարցերի շուրջ մտորելու, խորհելու, թեկուզ նույնիսկ իրար հետ ուրախանալու: Պանդեմիայի շրջանում այս վեցամսյա դադարը ոչ միայն, ես կարծում եմ, կինոթատրոններին ֆինանսական իմաստով լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց, այլ նաև մեզ մի փոքր դժվարեցրեց միմյանց հետ շփման միջոցով, իհարկե, պահպանելով կանոնները, այդ շփման միջոցով հաղթահարելու այն, ինչի մեջ մենք արդեն ավելի քան վեց ամիս կանք: Կարծում եմ, որ այս հնարավոր թույլտվությունները կինոթատրոնների կամ արվեստի մյուս օջախների, պետք է որ օգնեն մի փոքր ավելի մեր ագրեսիան պարպելու, որը ամեն օր մենք տեսնում ենք թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ բոլոր հարթակներում, որոնք հնարավոր են, որովհետև մշակույթը ամենալավ բուժիչ ճանապարհներից մեկն է և կինոն այդ թվում նաև», - ասաց Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG