Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները Փաշինյանին հորդորում են չհնչեցնել անհասցե մեղադրանքներ


Դանիել Իոաննիսյան (Ձ) և Լևոն Գալստան

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անընդունելի են համարում Նիկոլ Փաշինանի երեկ Ազգային ժողովում արած հայտարարությունը` հորդորելով վարչապետին զերծ մնալ անհասցե մեղադրանքներից։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակագրող Դանիել Իոաննիսյանը, օրինակ, ասաց. – «Ի՞նչ է նշանակում քննադատողների հասցեները... Հո 37 թվի Կա-Գե-Բե-ն չի՞, որ քննադատողների հասցեներն է ուզում իմանալ: Հա, քննադատողներից մեկը ես եմ, և ի՞նչ»:

Երեկ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը վերջացել է, ապա սուր քննադատության ենթարկել Սահմանադրական դատարանի 3 անդամաների ընտրությունը քննադատողներին` պնդելով, թե «սեփական շահերը հետապնդող որոշ խմբեր փորձում են իրենց թեկնածուներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»:

Ավելի վաղ ՍԴ անդամներ Շաթիրյանի և Խունդկարյանի ընտրությունը սուր քննադատության էին ենթարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` շեշտելով, որ իշխող «Իմ քայլը» դավաճանեց հեղափոխության արժեքներին, իսկ Սահմանադրական դատարանի ճգնաժամն այդպես էլ չլուծվեց:

«Երբ որ ասում ենք հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք ա մի հատ ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսի համարները, որպեսզի հասկանանք իրանք ում են ներկայացնում», - ԱԺ ամբիոնից երեկ ասել է վարչապետը: - «Եվ մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ»:

Դանիել Իոաննիսյանը, ով ավելի վաղ նույնպես քննադատել էր ՍԴ անդամներ Շաթիրյանի և Խունդկարյանի ընտրությունը, ընդգծում է, որ կոնկրետ ինքն ու իր ղեկավարած կառույցը ՍԴ որևէ այլ թեկնածուի «առաջ չեն բրդել», ընդամենը նշել են, որ այդ անձանց ընտրությունը խնդրահարույց է, նրանց անցած ճանապարհն ու մարդկային որակները անընդունելի են և կասկածի տակ են դնում հեղափոխության արժեքները։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն պդնմանը, թե հեղափոխական արժեքներից խոսում են նրանք, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, ապա Իոաննիսյանը հիշեցնում է, որ այսօր իշխող ուժում կան շատ մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին ընդհանրապես Սերժ Սարգսյանի իշխանության կազմում էին կամ առհասարական հեղափախության հետ կապ չունեին։ ՄԻնչդեռ ՍԴ կազմը այսօր քննադատողների մեջ կան մարդիկ, ովքեր եղել են հաղափախության դեմքերից, շատ ավելի վաղուց են սկսել մարդու իրավունքների համար իրենց պայքարը և ավելի շատ իրավունք ունեն խոսելու հեղափախության արժեքներից, քան իմքայլական շատ պատգամավորներ։

Իոաննիսյան. – «Եթե կան մարդիկ, որքեր որ իրոք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, թող մատնացույց անի ում նկատի ունի: Եվ ոչ թե աբստրակտ խոսա բոլորի մասին: Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ Վլադիմիր Գասպարյանը տարիներ առաջ աբստրակտ, անհասցե ասել էր` «դուք Ազգային ժողովի պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա'», նույն Նիկոլ Փաշինյանը էդ անհասցեությունից շատ վրդովվել էր և շատ կոպիտ պատասխանել էր Վլադիմիր Գասպարյանին: Նույն ձև Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի անհասցե և աբստրակտ, բոլոր քննադատողներին վերաբերվող նման հայտարարություններ անի»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նույնպես հորդորում է Փաշինյանին զերծ մնալ ոչ անվանական մեղադրանքներից, որպեսզի հանրությունը չսկսի գուշակություններով զբաղվել. – «Խնդրում եմ, հորդորում եմ թարգը տալ էդ անուղղակի և ընդհանրական մեղադրանքներին, կիսամեղադրանքներին: Անգամ եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի խումբ ուզեցել է մարդկանց տեսնել Սահմանադրական դատարանում: Հա, ի՞նչ անենք... Լավ, իշխանությունը դուք եք, մանդատը տվել է ձեզ ժողովուրդը, դուք եք որոշում, կարող էիք ավելի լավ որոշել, վատ եք որոշել: Սահմանադրական ճգնաժամը երկրում չի լուծվել: Սահմանադրական ճգնաժամը երեք հոգու փոխելու խնդիր չէր, խնդիրը դատաիրավական արմատական բարեփոխումներն են, այդ թվում Սահմանադրական դատարանի բարեփոխումը: Մենք հիմա պիտի ունենային նոր սահմանադրություն, կարող էինք ունենալ երկու տարում, մենք պիտի ունենայինք նոր Ընտրական օրենսգիրք, նոր «Կուսակցությունների մասին» օրենք ու լիքը ուրիշ օրենքներ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Էդգար Շաթիրյանին և Երվանդ Խունդկարյանին, ապա Բարսեղյանն ընդգծում է, թե Շաթիրյանն անկանխատեսելի մարդ է. նա «Իմ քայլի» կողմից առաջադրվեց և ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ չդարձավ հանձնաժողովի նախագահ, հրաժարական տվեց. – «Էս անլրջության ապացույց է: Իսկ էդ պաշտոնում որևէ մեկին անլրջություն չպիտի ներվի»:

Իսկ Խունդկարյանի ընտրությունը, ըստ Լևոն Բարսեղյանի, հակասում է հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարած սկզբունքներին. – «Լուրջ հակասության մեջ է Խունդկարյանի առաջադրումը և ընտրությունը Նիկոլ Փաշինյանի 19 թվականի մայիսի 20-ի ելույթի մեջ նախանշած խնդիրների երկրորդ կետի հետ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձախողված ՀՀ դատավորները տեղ չպիտի ունենան Հայաստանի դատակար համակարգում: Մեկ էլ հոպ... մարդը էդ պաշտոնից թռնում է ավելի բարձր մի դիրքի: Հիմա պիտի բացատրվի՞, թե՞ չպիտի բացատրվի հանրությանը. սխալվել եմ էն ժամանակ, վերանայել եմ իմ դիրքորոշումը, հարգելի ընտրողներ և հարկատուներ, կարող է տեղ ունենալ.... Ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը չի կարող տեղ ունենալ դատախազությունում, ինչո՞ւ չի կարող Գևորգ Կոստանյանը վերադարձվել երկիր և իր գիտելիքը ի նպաստ բերել մեր երկրին համերաշխության և հաշտության շրջանակներում: Էդ ո՞ւմ հաշվին եք հաշտության գնում էդ մարդկանց հետ...»

XS
SM
MD
LG