Մատչելիության հղումներ

ՍԴ դատավորներ Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը Ազգային ժողովի ամբիոնից երդվեցին


Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը, 17-ը սեպտեմբերի, 2020թ.
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը, 17-ը սեպտեմբերի, 2020թ.

Ընտրվելուց երկու օր անց Սահմանադրական դատարանի (ՍԴ) երկու դատավորները՝ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանն ու կառավարության թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը Ազգային ժողովի ամբիոնից երդվեցին՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ։

Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, «Ազատությանը» փոխանցեց՝ ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելու համար թե՛ Վճռաբեկ դատարանի նախագահի, թե՛ դատավորի պաշտոններից հրաժարական է ներկայացրել։ ԲԴԽ-ն պետք է նիստ հրավիրի ու ընդունի այդ հրաժարականը։ Միայն դրանից հետո կարող է տեղի ունենալ երդման արարողությունը։

Քննադատության պակաս թե՛ թեկնածուների առաջադրման, թե՛ ընտրության ժամանակ չեղավ. իրավապաշտպանները կոշտ գնահատականներ հնչեցրին՝ այս դատավորների ընտրությամբ ՍԴ-ի անկախության հարցը, ըստ նրանց, չլուծվեց, չվերականգնվեց դատարանի հանդեպ հանրային վստահությունը։ Էդգար Շաթիրյանը կարծում է՝ կոնկրետ իրեն քննադատում էին՝ «մեջտեղից հանելու համար»։

«Ազատության» հարցին, թե ո՞վ էր ուզում իրեն մեջտեղից հանել կամ ինչո՞ւ, Շաթիրյանը պատասխանեց. «Անուններ չեմ ցանկանում հնչեցնել, որովհետև էսպես ասած այդ մարդիկ էլ կամ այդ շրջանակներն էլ իրենց գործն էին անում և գուցե շարունակում են անել: Աստված իրենց հետ»:

Նիկոլ Փաշինյանը երեկ մեծ հաշվով պաշտպանեց նորըտիր դատավորներին՝ հայտարարելով՝ ճգնաժամը ՍԴ-ի շուրջ վերացել է, չնայած հավելեց, որ ձևավորվածը իդեալական չէ։ Թե՛ Շաթիրյանը, թե՛ Վաղարշյանը կարծում են՝ վարչապետը նորընտիրներին, այսինքն իրենց նկատի չուներ։

Առջևում ՍԴ նախագահի ընտրություններն են: Երբ Երվանդ Խունդկարյանն էլ ստանձնի լիազորությունները, դատավորները տասն օրվա ընթացքում 6 տարով ու առանց վերընտրվելու իրավունքի նախագահ պետք է ընտրեն։ Միմյանց թեկնածություններն էլ կարող են առաջադրել, նաև՝ ինքնառաջադրվել։ Շաթիրյանը չի բացառում, որ ինքն իր թեկնածությունը կառաջադրի. «Եթե տեսականորեն հարցին մոտենանք, ես այդ պաշտոնում տեսնում եմ 9 դատավորներից յուրաքանչյուրին»:

«Ազատության» հարցին՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ, ըստ էության, իրավունք ունի այդ պաշտոնին հավակնելու, նրան տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, Շաթիրյանը պատասխանեց. «Հնարավոր համարում եմ կա՛մ ինքնառաջադրումը, կա՛մ դատավորների կողմից առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնում»:

Արթուր Վաղարշյանը նախագահ դառնալու հավակնություններ չունի, բայց Հրայր Թովմասյանին էլ այդ պաշտոնում չի տեսնում։ Նա եռյակից խորհրդարանում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն էր, բայց դեռ կարծում է՝ ինքն աստվածային հրաշքով է դարձել դատավոր:

Հարցին՝ տեսնո՞ւմ է Հրայր Թովմասյանին այդ պաշտոնում, Վաղարշյանը պատասխանեց. «Ոչ»:

ՍԴ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանն ու նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը տրամագծորեն հակառակ կարծիքի են. որ քվորում չլինելու պատճառով Սահմանադրական դատարանում նիստեր չեն անցկացվում, Խաչատրյանը ամենևին ճգնաժամի վկայություն չի համարում, իսկ Վաղարշյանն այսօր ասաց՝ նախ գնում է ճգնաժամը հաղթահարելու։

Մինչև նորերի ընտրությունը ՍԴ-ում 6 դատավոր կար. չհստակեցնելով ժամանակահատվածը, Աշոտ Խաչատրյանն այսօր հաստատեց՝ նիստեր չեն անցկացվում, ընդ որում չհերքելով՝ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի չներկայանալու պատճառով։

«Նիստերը չեն կայանում քվորումի բացակայության պատճառով», - նշեց ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին, թե ո՞ր դատավորները չեն ներկայանում, Խաչատրյանը պատասխանեց. «Դա չի կարելի հրապարակայնորեն ասել»:

«Ազատության» այն հարցին էլ, թե չե՞ն կարող այստեղ քննարկել նրանց հրացը, ովքեր նիստերին չեմ մասնակցում, Աշոտ Խաչատրյանն արձագանքեց. «Դա հետագա խնդիր է, բայց այս պահին մեր օրակարգում դրված չէ այդ հարցը: Եթե նիստերը չեն կայացվում, դա չի նշանակում, որ ճգնաժամ կա»:

Նորընտիր դատավորները Ազգային ժողովում երդվելուց կարճ ժամանակ անց արդեն մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող իրենց նոր աշխատավայրում էին։

XS
SM
MD
LG