Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29,9 միլիոնին, ավելի քան 940 հազար մարդ մահացել է, 20,3 միլիոնը՝ բուժվել


Հնդկաստան - Կորոնավիրուսի ախտորորոշման թեստավորում Կալկաթայում, սեպտեմբեր, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի տարածման ընթացքն արագանում է: Վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 29,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 940 հազար մարդ, ապաքինվել է 20,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակի 5 միլիոնից ավելի դեպք արձանագրվել է Հնդկաստանում: Ընդամենը 11 օրվա ընթացքում այստեղ 1 միլիոն մարդ է վարակվել, մինչդեռ երկրում փակ հաստատություններ չկան ՝ բացի ուսումնական հաստատություններից և կինոթատրոններից:

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի քանակով Հնդկաստանը երկրորդն է ԱՄՆ-ից հետո, երրորդ տեղում Բրազիլիան է:

Եվրոպական երկրները մասամբ վերադառնում են սահմանափակումների:

Ֆրանսիացի բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին: COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների թիվը, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում, աստիճանաբար աճում է, բայց դեռ հեռու է գարնան ցուցանիշներից:

Բելառուսում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հունիսին մահացության՝ վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեն չի հրապարակում իր տվյալները:

Ղրղըզստանում պարտականությունները պատշաճ չկատարելու մեղադրանքով կալանավորվել է առողջապահության նախկին նախարարը: Նա աշխատանքից հեռացվել էր մարտի 31-ին՝ վատ աշխատանքի պատճառով՝ երկիրը համաճարակից չպաշտպանելու համար:

Ռուսաստանի Սամարայի շրջանում՝ Ղազախստանի հետ սահմանին, ավելի քան 4 հազար Ուզբեկստանի քաղաքացի է կրկին կուտակվել: Նրանք ցանկանում են տուն գնալ, բայց չեն կարողանում, քանի որ Ղազախստանի սահմանը փակ է:

Միացյալ Նահանգների կառավարությունը երեկ ծրագիր է հրապարակել, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը անվճար հասանելի կլինի բոլոր ամերիկացիներին անմիջապես այն բանից հետո, երբ պարզվի, որ այն անվտանգ է և արդյունավետ: Ակնկալվում է, որ պատվաստանյութերի սահմանափակ քանակությամբ չափաբաժիններ հասանելի կլինեն մինչև 2020 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG