Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում, որ Բեյրութի աղետից տուժածները «դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ»


Արցախի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքին, որով Բաքուն կոչ է արել կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում:

Արցախի ԱԳՆ-ից շեշտում են, որ տեղի իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին, ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախը՝ «անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից»:

«Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։

Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG