Հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ-ում առնվազն 115 ցուցարարներ գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից ոչ մահաբեր զենքերի կիրառման արդյունքում։ Սա է վկայում «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» ամերիկյան կազմակերպության զեկույցը։
1986 թվականին հիմնադրված, շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը աշխարհով մեկ ուսումնասիրում է մարդու իրավունքների խախտումների հետևանքները մարդկանց առողջության վրա և աշխատում խախտումները կասեցնելու ուղղությամբ։
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին, երբ ոստիկանների գործողությունների հետևանքով մահացավ սևամորթ Ջորջ Ֆլոյդը։ Սակայն ցույցերը հաճախ վերածվում էին անկարգությունների և բռնությունների։ Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը պնդում է, որ ցուցարարների դեմ կիրառվող ռետինե գնդակները կարող են լուրջ վնասվածքներ պատճառել։