Մատչելիության հղումներ

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին խոշոր չափերով յուրացման մեղադրանք է առաջադրվել


«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հայաստանի առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26 միլիոն 514 հազար 391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում նախկին տնօրենի կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նշված տարիներին ղեկավարել է Սմբատ Դաղբաշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG