Մատչելիության հղումներ

ԵՊՀ ուսանողները ուսման վարձի մասնակի փոխհատուցում են պահանջում


ԵՊՀ ուսանողները Կառավարության շենքի մոտ
ԵՊՀ ուսանողները Կառավարության շենքի մոտ

Երևանի պետական համալսարանի ուսանողները Կառավարությունից պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում։ Այսօր ավելի քան 5000 ստորագրությամբ դիմում հանձնեցին վարչապետի օգնականին։

«Շուտով մոտենում է ուսման վարձերը վճարելու ժամանակահատվածը, և եթե ուսանողները չվճարեն, ըստ կարգի, ստիպված են ուսանողներին դուրս թողնել։ Դրա համար էս խնդիրը մենք հնարավորինս շուտ ենք ուզում, որ լուծում ստանա», - «Ազատությանն» ասաց ԵՊՀ Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը` հավելելով, որ շուրջ 500 ուսանողներ դեռ նախորդ կիսամյակի ուսման վարձը չեն կարողանում վճարել։ - «Ես կարծում եմ, որ կրթության վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է, և որևէ կառավարություն, որևէ իշխանություն չպետք է ափսոսա, որ կրթության վրա ներդրում է անում, որովհետև տասնապատիկի չափով դա որոշ ժամանակ անց հետ է վերադառնալու: Ու մենք էն ընտանիքներին, էն ուսանողներին, ովքեր կանգնած են ֆինանսական խնդիրների առաջ, մենակ չպետք է թողնենք»:

Ուսանողները նշում են, թե պանդեմիայի հետևանքով նախ ուսման որակն է տուժել, երբ անցել են հեռավարի, բացի այդ, բազմաթիվ ընտանիքներ կորցնելով աշխատանքը՝ հայտնվել են սոցիալական ծանր դրության մեջ և չեն կարողանում երեխաների ուսման վարձը վճարել։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից Դանիելա Զանազանյանը, օրինակ, համալսարանից դուրս մնալու շեմին էր։ Ասում է, որ իր ուսման վճարի հարցն ինչ-որ կերպ փորձել են լուծել, բայց բազմաթիվ ուսանողների համար խնդիրը դեռ անլուծելի է. – «Ինչ-որ ձև կարելի է լավ սովորողներին խրախուսել: Բայց եթե համաճարակը ամբողջ երկրում ա, եթե բոլորը ունեն խնդիր, պետք ա ամեն մեկին հինգ տոկոս անեին, բայց դա ազդեր բոլորի վրա»:

Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով դասերն ամբողջ ծավալով չեն անցկացվում, այդուհանդերձ մայր բուհում առաջին կուրսի ուսանողները այս տարվանից ստիպված են 70-160 հազար դրամ ավելի վճարել։ Ուսանողները հարց են բարձրացնում, թե ինչու պետք է հեռավար ուսուցման ժամանակ իրենք նույն գումարը վճարեն.. – «Ավագ կուրսերը ընդհանրապես դասի չեն գալիս։ Ստացվում է, որ համալսարանը չի ջեռուցվում, շատ ուշատ ծախսեր ուղղակի չեն արվում, բայց դա ոչ մի կերպ ուսանողներին չի փոխհատուցվում»։

ԵՊՀ-ում վերջերս հրավիրված ասուլիսին ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին «Ազատությունը» հարց էր ուղղել՝ բարոյական, մարդասիրական տեսանկյունից սահմանափակ ձևաչափով կրթական գործընթացի պարագայում արդյո՞ք չի խաթարվում արդարության սկզբունքը, երբ բարձրանում են ուսման վարձերը:

Ռեկտորի պաշտոնակատարը արձագանքել էր. – «Բարոյական խրատներ չտաք: Եկեք խոսենք օրենքից... կասեք ավելի բարոյական է, բան: Էկեք դուք ինձ նշեք, թե ինչն է էժանացել էս ընթացքում»:

Հարցին, թե արդյոք օբյեկտիվ չէ քննադատությունը, որ շատ մարդիկ էլ կորուստներ են կրել այս ընթացքում, պատասխանելու փոխարեն, համալսարանի կորուստներն էր թվել։

Այսօր ուսանողներին հանդիպած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց՝ վաղը Ազգային ժողովում կբարձրացնեն այս հարցը. – «Կարևոր մի հարց կա, որ էնտեղ, որտեղ պետք չի, որ խառնվի նախարարությունը, խառնվում է սովորաբար, իսկ այնտեղ, որտեղ պետք է, օրինակ, աջակցություն ցուցաբերել ուսանողերին, ասում է, որ օրենքով սահմանափակված է: Ես հույս ունեմ, որ այժմ այդ դեպքը չի, ու Կառավարությունը կկարողանա պատասխանել ուսանողներին` բավարարելով նրանց պահանջը»։

Ուսանողներն ընդգծում են նաև, որ ծախսերը չպետք է թողնել բուհի վրա, և, որ այս հարցը չպետք է լուծվի դասախոսների աշխատավարձերի կրճատման հաշվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG