Մատչելիության հղումներ

«Գումարը շատ մեծ է, գործնականում ոչ բոլորի գրպանին հարմար». բանակից խուսափելու համար հետախուզվող Հայկը նոր օրինագծի մասին


Զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տվող օրենսդրական նոր նախագիծ է մշակվել:

Իշխող ուժից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում են հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պատրաստ են պետությանը վճարել պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի ու հավելավճարների չափով գումար: Պատգամավորները հաշվել են՝ 5-ից 5,5 միլիոն դրամ կամ շուրջ 10-ը հազար դոլար է կազմելու վճարվող գումարը:

«Եթե նաև իրենք որոշեն, որ ցանկանում են ծառայել Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, պետությունը ևս կընձեռի այդ հնարավորությունը, և այդ պարագայում իրենց վճարած գումարը կկարողանան հետ վերադարձնել: Մենք առաջարկում ենք նոր լուծում, նոր տարբերակ, բայց նաև խստացնում ենք այն դրույթը, որի համաձայն, փաստորեն, ծանր հանցագործություն է համարվելու այլևս», - ասաց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Սակայն գումարը վճարելուց հետո նրանց նաև պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն կտրվի։

Նոր նախագծով խստացվում է զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը. առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում բանակից խուսափածներին։ Գործող օրենքով պատժաչափը 3 տարի է։ Անցած տարիներին զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տրվում էր մի օրենքով, որը ուժի մեջ էր մտել 2004 թվականին ու պարբերաբար երկարաձգվել։ Վերջին անգամ դրա գործողության ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը։ Այն ժամանակ առաջարկը «Լուսավոր Հայաստանն» էր արել։ Ընդդիմադիր խմբակցությունը այս տարի ևս առաջարկում էր երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, սակայն խորհրդարանը մերժել էր քննարկել նախագիծը։

Օրենքի դադարեցման վերաբերյալ առաջարկ անցած տարի կառավարության նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր արել՝ հիմնավորելով, թե փորձը ցույց է տվել, որ օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց։

«Զինվորական ծառայության զորակոչից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով կապված է նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին օրենքի առկայության հետ», - նշել է Տոնոյանը:

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքն է նոր նախագծին։ Ըստ նրա՝ նախագծով սահմանված գումարը ոչ բոլորը կարող են վճարել։

«Եթե շատ-շատերը նրանցից ունենային մոտավորապես 6 հազար դոլարի կարգի փող, այսինքն 3,6 միլիոն դրամ, այն ժամանակ կգային: Այսինքն մարդը, որը 3,6 միլիոն դրամով չի եկել երկիր, հիմա 5 միլիոն դրամով այդ ինչպե՞ս է գալու», - ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանն ասում է՝ այս նախաձեռնությունը կարող է արտասահմանում ապրող հայերին ուղերձ դառնալ՝ Հայաստան չվերադառնալու համար։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է զինվորական ծառայություն չանցած, հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիներին համաներում շնորհել։ Մեկ անգամ արդեն մերժում են ստացել կառավարությունից, սակայն կրկին գործադիրին դիմել են նույն առաջարկով։

«Էդ մարդիկ լավ օրից չի, որ դրսում են, տարբեր իրավիճակներում են հայտնվել դրսում, այո, կան նաև նրանք, ովքեր խուսափում են, բայց երբ որ ես խոսում եմ համաներման մասին, գիտեք, խորհրդարանը բազմիցս համաներում է իրականացրել բազմաթիվ միջին ծանրության, ծանր հանցագործությունների պարագայում, այսինքն նրանք հանցագործություն են կատարել, բանտերում նստած են կամ հետախուզման մեջ են, Ազգային ժողովը համաներում է անում: Հիմա բանակից խուսափելը նույնպես հանցագործություն է», - ասաց Մարուքյանը:

Դավիդը փոքր տարիքում ծնողների հետ միասին Հունաստան էր մեկնել, հիմա արդեն 28 տարեկան է, ցանկությունը մեծ է, որ վերադառնա Հայաստան. ամիսներ շարունակ այդ հույսով է։ Հիմա պատրաստ է անգամ պահանջվող գումարը վճարել, բայց և նկատում է՝ այնպես չէ, որ արտասահմանում հեշտությամբ են գումար վաստակում։

«Շատ-շատերը հնարավորություն չունեն, շատ-շատերը հնարավորություն ունեն, բայց ոնց էլ որ ուզում է լինի, շատ դժվար է այդ գումարը հայթայթել արտասահմանում», - ասաց նա:

34-ամյա Հայկը 11 տարեկան էր, երբ ընտանիքի հետ հեռացավ Հայաստանից։ Ասում է՝ ծնողները Ռուսաստանում են հաստատվել սոցիալական խնդիրների պատճառով։ Տարիներ շարունակ ցանկացել է վերադառնալ հայրենիք, հիմա ՌԴ քաղաքացի է, բանակից ազատվել է բժշկական կրթության ու աշխատանքի հիմքով։ Հայկի համար անհասկանալի է, որ ինքը դեռ Հայաստանում հետախուզման մեջ է։

«​Թե ինչո՞ւ եմ հետախուզվում, մինչ այս պահը չեմ հասկանում։ Ես այլ երկրի զինվորական գրքույկ ունեմ, սակայն Հայաստան գալ չեմ կարող այն պատճառով, որ ինձ այդտեղ կամ կձերբակալեն, կամ էլ կտուգանեն: Ասում էին, որ տուգանքի չափը 6 հազար դոլար է, հիմա էլ լսել եմ, որ ցանկանում են բարձրացնել 10 հազար դոլարի։ Կարող եմ միանշանակ ասել, որ այդ գումարը շատ մեծ է, և գործնականում ոչ բոլորի գրպանին է հարմար», - նշեց Հայկը:

Հայկը վստահ է՝ իր ճակատագրին արժանացած շատերը կան, որ ցանկանում են վերադառնալ հայրենիք, թեկուզ որպես զբոսաշրջիկ, սակայն հենց սահմանափակումների պատճառով չեն կարողանում։ Ասում է՝ օրենսդիրները պետք է հաշվի առնեն նաև իրենց օրինակը. «Եթե անգամ դիտարկենք զբոսաշրջության տեսանկյունից, քանի՞ մարդ կարող էր գալ իր ընտանիքի հետ։ Մի՞թե Հայաստանի համար վատ է, եթե այդքան մարդ կարողանա գալ հայրենիք»:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ նախորդ տարի, երբ դեռ գործում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, 955 քաղաքացի է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վճարելով համապատասխան գումարը։ Թե քանի՞ քաղաքացի է հետախուզվում ծառայությունից խուսափելու համար, Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG