Մատչելիության հղումներ

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը. փաստաբան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ կալանավորել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանը հիմնավոր է համարել ինչպես իրեն մեղսագրված հանցավոր արարքներին Աբրահամ Մանուկյանի հնարավոր առնչությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Մանուկյանի պաշտպանը դատարանի որոշումն անօրինական է որակում։

«Նոնսենս այն է, որ ենթադրյալ գլխավոր կազմակերպիչը (խմբ. Գագիկ Ծառուկյան) ազատության մեջ է, բայց նույն ընդհանուր իրավասության դատարանը դիտարկում է, որ Աբրահամ Մանուկյանը՝ 60 տարին լրացած է, ծանր հիվանդություններով է տառապում ու կալանավորման հիմք չկա մի ցուցմունքի հիման վրա է կալանավորվում, այդ անձի հետ առերեսումն էլ է ավարտվել երեկ։ Ավելին առերեսմամբ ասել է, որ ոչ մի հարց ինքը չի քննարկել պարոն Մանուկյանի հետ։ Որևէ հարց չի քննարկել, մի անգամ փաթեթ է ստացել», - ասել է փաստաբանը։

Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար: Մասնավորապես՝ դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

XS
SM
MD
LG