Մատչելիության հղումներ

Բահրեյնը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում


Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆա, արխիվ

Պարսից ծոցի միապետություններից ևս մեկի՝ Բահրեյնի իշխանությունները ուրբաթ երեկոյան հայտարարեցին, որ Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնություն են ձեռք բերել Իսրայելի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

Հարաբերությունների կարգավորման մասին վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ երեկոյան կայացած եռակողմ հեռախոսազրույցի ընթացքում, որին մասնակցել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆան և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները հեռախոսազրույցի ավարտին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երկու պետությունները միմյանց տարածքում դեսպանություններ կբացեն, Իսրայելի և Բահրեյնի միջև ուղիղ չվերթներ կմեկնարկեն, երկկողմ համագործակցություն կծավալվի ոլորտների բավական լայն շրջանակում, այդ թվում՝ առողջապահության, գործարարության, տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և անվտանգության ասպարեզներում», - հայտարարել է Թրամփը։

Բահրեյնը Պարսից ծոցի՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրորդ արաբական պետությունն է։ Մեկ ամիս առաջ այս մասին հայտարարեցին նաև Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները։

XS
SM
MD
LG