Մատչելիության հղումներ

Հայաստանի ողջ տարածքում կարանտինը կգործի մինչև 2021-ի հունվարի 11-ը


Բաց և փակ տարածքներում դիմակների կրումը պարտադիր պահանջ է մնում

Կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում այսօրվանից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ կարանտին սահմանվեց, որը փոխարինեց մինչև այժմ գործող արտակարգ դրության ռեժիմին։

4-ամսյա կարանտինով պահպանվում են գրեթե բոլոր հակահամաճարակային կանոնները՝ որոշակի մեղմացումներով։ Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել։

Պարետատունը որպես այդպիսին այլևս չի գործելու, լիազոր մարմինը Առողջապահության նախարարություն է։ Կառավարությունը կարանտինի որոշումը ընդունել է հենց այս գերատեսչության ներկայացրած առաջարկի հիման վրա։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ համաճարակային վիճակով պայմանավորված փոփոխության կարող են ենթարկվել նաև կարանտինային սահմանափակումները. – «Եթե հնարավոր լինի պահել հաստատված դեպքերի թիվը այնպիսին, ինչպիսին որ հիմա է առկա և խուսափել թվերի մեծացումից, ապա շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում թեթևացվի: Բայց, էլի եմ ասում, այստեղ արդեն լիազոր մարմինը, որը Առողջապահության նախարարությունն է, ինքը պետք է գնահատի ճիշտ իրավիճակը, ճիշտ գնահատական տա, որի հիման վրա հնարավոր է, որ միգուցե սահմանափակումները թեթևանան, և միգուցե հնարավոր է հակառակը տեղի ունենա»:

Կարանտինի ընթացքում Հայաստանի օդային սահմանները բացվում են, ցամաքայինի դեպքում սահմափակումներ պահվում են։ Մասնավորապես, ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան։ Բացառությամ են կազմում Հայաստանի քաղաքացիների ընտանիքի անդամները, օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցողները,
հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձիք, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները և մի շարք այլ դեպքեր։

Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներում:

Մանե Գևորգյան. – «Ինչ վերաբերում է, օրինակ, միջոցառումների, հանդիսությունների կազմակերպմանը, ապա եթե նախկինում մինչև 40 հոգի մարդ կարող էր մասնակցել, ապա այժմ փոխվել է, և մինչև 60 հոգի մարդ կարող է մասնակցել: Որոշ խիստ սահմանափակումներ կարելի է ասել, որ վերանայվել են»:

Հավաքների անցկացումը նույնպես թույլատրելի է անհատական պաշտպանության միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպումը ևս կանոնակարգվում է նախագծով։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը կարևոր է համարում, որ սահմանափակումների թուլացմանը զուգահեռ զգոնությունը չնվազի. – «Որևէ նոր բան այդ կանոններում քովիդի տեսակետից, որ մինչև այսօր չի արվել, անտեղ չկա: Նույն ախտահանման պահանջն է... Քովիդը չի փոխվել: Իրավիճակը գլոբալ առումով հետևյալն է. միջոցառումներոի արդյունքում ունենք համապատասխան կայունություն, բայց եթե մենք մի փոքր թուլացնենք, մենք էլի կարող ենք հայտնվել նույն նախկին ծանր վիճակում: Մենք պետք է հաշվի առնենք, և էստեղ հաշվի է առնված այն, որ գալիս է ցուրտ սեզոնը, երբ որ բոլոր այլ օդակաթիլային վարակները աշխուժանալու հատկություն ունեն և կարող են քովիդի հետ միասին ավելի վատթարացնել մեր վիճակը: Մենք ավելի սկսում ենք աշխատել: Սահմանափակումները բավականին նվազում են, բայց այնուամենայնիվ պետք է ապահովենք ռեժիմը: Եթե մենք չշարունակենք էս ձևով, մենք նորից կունենանք դեպքերի աճ»:

Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու գործընթացի օրենսդրական հիմքերը ստեծվեցին սեպտեմբերի 4 -ին ԱԺ-ում ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններով, որոնք ուժի մեջ մտան երեկ, նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրելուց հետո։

Կարանտինի ռեժիմի հնարավորություն է տալիս իշխանություններին, առանց արտակարգ դրություն սահմանելու, ուժի մեջ թողնել հակահամաճարակային կանոնների պահպանման պարտադիր պահանջն ու դրանք խախտելու դեպքում սահմանված տուգանքները։

Կարանտինի ռեժիմը արտակարգ դրությունից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Կարանտինի ընթացքում այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

XS
SM
MD
LG