Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում ներկայացնելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ) դժգոհ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի աշխատանքից։ Ընդդիմադիր ուժը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում առաջարկելու է ընդունել որոշում, որպեսզի վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։

«Եթե նայում ենք նախարարության աշխատանքը, վերջին երկու տարում որևէ ոլորտի հիմնարար փոփոխություններ չեն նախաձեռնվել, որևէ ոլորտում նույնիսկ ռազմավարություն կամ գոնե հայեցակարգ չի մշակվել, թե ինչի պիտի հասնենք մենք, ինչ նպատակ է դրել իր առաջ նախարարությունը և ինչ քայլերով ենք գնում դեպի այդտեղ», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

ԼՀԿ-ում հասկանում են՝ նախորդ իշխանություններից է ժառանգություն մնացել խնդիրներով լի համակարգը, այնուհանդերձ, վստահ են՝ 2 տարում նախարարությունը գոնե հստակ ոլորտային ռազմավարություն պետք է ունենար։

«Նշանակման օրվանից Արայիկ Հարությունյանն ինչո՞վ էր զբաղված, տնօրենների անգլերենն էր ստուգում, վհուկների որս էր սկսել դպրոցներում, այդ ամենը չգիտեմ ինչով պսակվեց, որովհետև այդպես լուրջ աղմկահարույց քրեական գործեր էլ կարծես թե չեղան, բայց իրական փոփոխությունները, որ բոլորը սպասում էին հեղափոխությունից հետո, այս ոլորտներում, որոնք ամենակարևորն են երկրի համար , եթե կրթական ոլորտը կտրուկ աճ չապրի, որևէ այլ ոլորտում մենք տեղաշարժ չենք կարող ունենալ՝ ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ գիտության մեջ, ո՛չ ընդհանրապես զարգացման մեջ», - նշեց Գորգիսյանը:

Ընդդիմադիր խմբակցությանն արդեն անվստահություն է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին։ Երկու դեպքում էլ, սակայն ԱԺ-ն մերժել էր նախարարների պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը։ «Լուսավոր Հայաստանում» արդյոք վստահություն ունե՞ն, որ այս անգամ խորհրդարանը կողմ կքվեարկի իրենց նախաձեռնությանը, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վստահ չէ, բայց ասում է՝ իշխող ուժը պարտավոր է ականջալուր լինել քաղաքացիների պահանջին, իսկ հասարակությունում, համոզված է, նման պահանջ կա։ Այդ է պատճառը, որ հարցի քննարկման օրը Ազգային ժողովի առջև բողոքի ակցիա են կազմակերպելու։

«Պիտի քաղաքական մեծամասնությունը սա նախադեպ դարձնի, որ եթե կա նախարար, ով չի աշխատում կամ վատ է աշխատում, կամ չի տիրապետում իր ոլորտին, ապա նաև քաղաքական մեծամասնությունը կարող է միանալ ընդդիմության պահանջին և ներկայացնել նրա հրաժարականի պահանջը», - նշեց նա:

Ընդդիմադիր երկու ուժերի ձայները բավարար չեն այս կամ այն նախարարի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշում ընդունելու համար. Ազգային ժողովը որոշումն ընդունում է քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: «Լուսավոր Հայաստանում» նաև գոհ չեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքից, մասնավորապես կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում։ Սակայն նրան այս նստաշրջանում օրենքով այլևս անվստահություն հայտնելու հնարավորություն չունեն։ Գորգիսյանն ասում է՝ դրա փոխարեն համաճարակի դեմ ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու համար իրենք և ԲՀԿ-ն քննիչ հանձնաժողով են ստեղծել։

Իսկ դեռ երկու ամիս առաջ կառավարության հրաժարականը պահանջող խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», արդյոք ևս կմիանա՞ ԼԿՀ-ի նախաձեռնությանը, խմբակցությունից դեռ չեն շտապում մեկնաբանել։ Իշխող ուժից էլ այսօր տարբեր պատճառաբանություններով խուսափեցին մեկնաբանություն տալ։ Ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունն անարձագանք մնաց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Նախարարության մի շարք նախաձեռնությունները վերջին շրջանում հանրային բուռն քննարկման թեմա են դարձել, տարբեր խմբեր պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

XS
SM
MD
LG