Մատչելիության հղումներ

Նախարար Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցականները փողոց փակեցին. կան բերման ենթարկվածներ


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող Դաշնակցության երիտթևի 24 ներկայացուցիչներին ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման ենթարկեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Երիտասարդները նախ պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում՝ քննարկելու կրթության ոլորտում առկա խնդիրները, օրինակ՝ նրանք շաբաթներ շարունակ քննադատում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու նախարարության առաջարկությունը։

«Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից», - ասաց երիտասարդներից մեկը։

Նախարարությունից փոխանցել էին, որ հանդիպում կազմակերպելու համար գոյություն ունի ընթացակարգ։ Այս պատասխանից հետո երիտասարդները փորձեցին ներս մտնել նախարարության շենք և մի քանի րոպե նստեցին շենքի մուտքի մոտ։ Սակայն, այստեղից ոստիկանները ուժ կիրառելով երիտասարդներին հեռացրին տարածքից։ Վերջիններս փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որը բացվեց միայն ոստիկանների կիրառած ուժի հետևանքով։

Նշենք, որ տարածքում տեղակայված էին մեծ թվով ոստիկաններ, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցում էր ցուցարարների թվին։

Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշեց. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկել են կրթության թեմայով հանդիպելու Արայիկ Հարությունյանի հետ, ով բազմիցս պնդել է, որ բոլորի հետ պատրաստ է օրերով, ժամերով քննարկել բոլոր խնդիրները»։

Հարցին՝ ինչո՞ւ նախարարը չի հանդիպում նրանց հետ, Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչը պատասխանեց. «Կառուցողական չէ, ժողովրդավար չէ, չի տիրապետում իրավիճակին ու վախենում է ավելի անհարմար իրավիճակում հայտնվել, քան մինչև հանդիպումը»։

Ցուցարարները քայլերթով գնացին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ այս պահին գտնվում են 24 բերման ենթարկվածներից 19-ը։

XS
SM
MD
LG