Մատչելիության հղումներ

Վուչիչի հավաստմամբ՝ Պուտինը և Լավրովը ներողություն են խնդրել իրենից


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել իրենից ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման համար:

«Նախագահ Պուտինը երբեք ինձնից ներողություն չէր խնդրել ինչ-որ բանի համար, և ոչ էլ Սերգեյ Լավրովը: Իսկ դրա պատճառով երկուսն էլ դա արեցին», - ասել է Վուչիչը:

Զախարովան Ֆեյսբուքի իր էջում երկու լուսանկար էր տեղադրել՝ մեկում Սպիտակ տան օվալաձև սրահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց աթոռին նստած է Սերբիայի նախագահը, մյուսը «Հիմնական բնազդ» ֆիլմից արված սքրինշոթն էր, որտեղ Շերոն Սթոունն էրոտիկ դիրքով նստած է քննիչների դիմաց։ Այս լուսանկարների տակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մեկնաբանություն է գրել․- «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռն այնպես են դրել, ասես ձեզ հարցաքննում են, ապա նստեք ինչպես երկրորդ լուսանկարում։ Ով էլ դուք լինեք։ Պարզապես հավատացեք»։ Ֆեյսբուքյան սկանդալային այս ստատուսը խնդիրներ էր առաջացրել Սերբիայի և Ռուսաստանի միջև։

«Պուտինը հիանալի հասկանում է Սերբիայի խնդիրները, պատահական չէ, որ նա ինձ Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել: Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ամերիկամետ և այլն, ես սերբամետ եմ», - Վուչիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պաշտոնական Բելգրադը համատեղում է եվրոպական ինտեգրման ուղին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG