Մատչելիության հղումներ

COVID-19-ի հայկական արտադրության թեստերն արդեն օգտագործվում են


COVID-19-ի հայկական արտադրության թեստերը, հունիս, 2020թ.

Առողջապահության նախարարությունը մի քանի օր է ինչ օգտագործում է COVID-19-ի հայկական արտադրության թեստերը, «Ազատությանը» փոխանցեց նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա վստահեցրեց՝ որևէ խնդիր չի առաջացել, գործընթացը երկարեց, քանի որ փաստաթղթային հարցերն էին կարգավորում: Այժմ կանոնավոր օգտագործում են հայկական արտադրության թեստերը, սակայն թե ինչ ծավալով՝ առաջիկայում կմանրամասնեն:

Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրությամբ զբաղվում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Կառավարությունը 550 հազար դոլար էր հատկացրել արտադրության համար, իսկ անհրաժեշտ նյութերը գիտնականները ստացել էին դեռ մայիսին: Աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն թեստերի որոշակի քանակ փոխանցել էին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ փորձարկման:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն «Ազատությանը» փոխանցեց՝ փորձարկումների արդյունքների դրական են եղել: «Ամբողջությամբ բոլոր փորձարկումները ավարտվել են, և իրենք պատրաստ են օգտագործման», - նշեց նա:

Փորձարկումների ավարտից հետո 47 հազար թեստ են ուղարկել նախարարությանը, ևս 10 հազարը մինչև այս շաբաթվա վերջ կառաքեն:

Առաքելյանի խոսքով՝ հայկական արտադրության թեստերը որակապես չեն զիջում արտասահմանից ներկրվածներին. - «Փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մի բանով չեն զիջում այն թեստերին, որոնք որ ձեռք են բերվել Հայաստանում»:

Հայկական թեստերի արտադրությունը շարունակվում է, նախատեսվում է մինչև 100 հազար նմուշ արտադրել:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից ի վեր ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 227 հազար թեստավորում:

Այս շաբաթ բավականին մեծ թվով՝ օրական 3 հազարից ավելի հետազոտություն է անցկացվում, քանի որ դպրոցների վերաբացմանն ընդառաջ՝ համատարած թեստավորվում են ուսուցիչները:

XS
SM
MD
LG