Մատչելիության հղումներ

Covid-19-ի հայաստանյան թեստերի արդյունավետությունը 95 տոկոսի սահմանում է, ասում է ինստիտուտի տնօրենը


Լուսանկարը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, 24 հունիսի, 2020թ.
Լուսանկարը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, 24 հունիսի, 2020թ.

ԱՆ. Մեկ օրում Covid-19-ի դեպքերի մեծ թիվը պայմանավորված է կատարված թեստերի մեծ քանակով

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է 711-ով, երեկ իրականացվել է 2 հազար 283 թեստ։ Վերջին անգամ այս ցուցանիշից բարձր ցուցանիշ գրանցվել էր անցյալ շաբաթվա նույն օրը՝ հունիսի 17-ին, երբ մեկ օրում հաստատվել էր 746 թեստ։

Ըստ առողջապահության նախարարի խոսնակի` սակայն, հաստատված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է կատարված թեստերի քանակով. - «Այսօր 711 թիվը, որ Դուք շեշտում եք, դա այդքան էլ արտառոց թիվ չի, քանի որ բավականին մեծ թվով հետազոտություններ են կատարվել», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Երեկ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 653-ով, բուժվածների ընդհանուր թիվն այժմ 10 հազար 797 է, իսկ փաստացի այս պահին բուժվողների թիվը` 10 հազար 404: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 բարդ, ևս 4 մարդ մահացել է այլ պատճառով, սակայն ունեցել է նաև հաստատված կորոնավիրուս: «Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, 62-ից մինչև 83 տարեկան, ես ասում եմ ամենաերիտասարդ և ամենատարեց մահվան թվերը, որ դեպքեր ենք ունեցել մահվան», - նշեց առողջապահության նախարարի խոսնակը:

Դիմակները ճիշտ չեն կրում

Համաճարակային վիճակը երկրում շարունակում է մնալ լարված, ասում է բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը. - «Իհարկե, վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի կայունացում, այսինքն` մեր աճի տեմպերն այնպիսին չեն, ինչպես առաջ, անընդհատ չեն ավելանում փասք Աստծո, այլ որոշակի կայունացում ունենք, բայց միևնույնն է` մենք դեռ ունենք բարձր թվեր ամեն օր»:

Մայիսի սկզբին սահմանափակումների մեծ մասի վերացումից հետո մայիսի կեսին արդեն համաճարակաբանները նկատում էին վիրուսի տարածման անհանգստացնող պատկեր, որն ավելի նկատելի արտահայտվեց հունիսի սկզբին, ինչից հետո հունիսի 4-ից բաց տարածքներում ևս դիմակ կրելը Հայաստանում պարտադիր դարձավ։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ներկայացուցիչը, սակայն, նկատում է` դիմակ ոչ բոլորն են կրում, շատերը կրում են սխալ, ինչը հնարավորություն չի տալիս թուլացնել լարված համաճարակային վիճակը. - «Հիմա տեսնում եք` մարդիկ են քայլում փողոցով` դիմակները ծնոտներին կամ քթի տակ, որը չի նշանակում, որ իրենք դիմակ են կրում, դիմակը պետք է կրել ճիշտ, որպեսզի ծառայի իր նպատակին: Ընդ որում երկրներ կան, որոնք ներդրել են դիմակները և՛ փակ տարածքներում, և՛ դրսում` բաց տարածքներում, և փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդ երկրներն են հաջողել, իրենց մոտ հիվանդացությունն իրոք նվազել է»:

Դիմակների արդյունավետությունը համավարակի տարածումը կրճատելու հարցում Հայաստանի առողջապահության պատասխանատուներն արդեն ապացուցված փաստ են համարում։ Համաճարակաբանից հետաքրքրվեցինք` այս պարագայում արդյոք հնարավոր չէ՞ր դիմակների կրումը ոչ թե հունիսին, այլ մեկ ամիս առաջ պարտադիր դարձնել` թույլ չտալով` կորոնավիրուսն այս աստիճանի տարածվեր։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նոր ելնելով միջազգային փորձի և բազմաթիվ հետազոտությունների վրա, երկրներին առաջարկել է, որ պարտադիր դարձնեն դիմակներ կրելը, նաև բացօթյա պայմաններում: Եթե կհիշեք, մինչև այդ էլ մեզ մոտ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է եղել, իսկ հիմա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է իր մոտեցումները և ասում է, որ հանրային տարածքներում, բաց տարածքներում ևս պետք է դիմակ կրել: Եվ ըստ այդմ փոխվել են նաև մեր մոտեցումները», - ասաց բժիշկ-համաճարակաբանը:

Պատրաստ են հայկական արտադրության ՊՇՌ թեստերը

Այսօր առողջապահության նախարարը հայտնեց, որ արդեն պատրաստ են հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը, և շուտով կսկեն դրանք կիրառել։ Ավելի վաղ կառավարությունից ՊՇՌ թեստեր արտադրելու պատվեր ստացած Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը թեստերը պատրաստելուց հետո մոտ 350 նմուշ ուղարկել էր փորձարկման, դրանց արդյունքերը պետք է համեմատվեին այլ երկրներում արտադրված նման թեստերի արդյունքների հետ։

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը կառավարությունից դեռ պաշտոնական նամակ չի ստացել, բայց նախարարի գրառումից հետո արդեն ենթադրում է՝ թեստերն իրենց արդարացրել են. - «Ինչ վերաբերում է փորձնական արդյունքներին, ապա մենք չէինք կասկածում, որովհետև այն մոտեցումները, որ մենք էինք արել, առաջին հերթին մենք բավականաչափ երկար ժամանակ փորձարկել ենք հենց մեր ինստիտուտում, տեսականորեն սպասում էինք այդ արդյունքին: Ընդհանուր առմամբ պետք է, որ արդյունքների ճշտությունը լինի 90-ից բարձր` 95 տոկոսի կողմերը»:

Ինստիտուտը պատրաստ է հենց վաղվանից սկսել թեստերի մատակարարումը, ասում է Արսեն Առաքելյանը։ Կառավարությունը 100 հազար թեստ ստեղծելու համար ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու վրա։ Այսպիսով ստացվում է, որ Հայաստանում արտադրվող մեկ ՊՇՌ թեստի արժեքը մոտ 1200 դրամ է։

XS
SM
MD
LG