«Միացյալ Նահանգների նախագահության դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբի հետ համագործակցող խորհրդատվական ընկերություններից մեկի սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ խոսքը Վաշինգտոնում գործող SKDKnickerbocker ընկերության մասին է, որը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ սկսել է համագործակցել մոտ երկու ամիս առաջ։
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ չնայած ակտիվ փորձերին, հաքերներին չի հաջողվել մուտք գործել SKDKnickerbocker-ի ներքին ցանց, ուստի տեղեկատվության արտահոսք չի եղել։
Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման մեջ կասկածվում են Ռուսաստանի պետական մարմինների հետ առնչություն ունեցող հաքերները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործակալության թղթակցի հետ զրույցում այդ կասկածները «անհեթեթություն» է անվանել։