Մատչելիության հղումներ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը պատրաստվում է Վարպետի 145-ամյակին նվիրված միջոցառումներին


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանում։

Այս տարի հոկտեմբերի 30-ին լրանում է մեր մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանը հոկտեմբերի 21-ից երկօրյա հոբելյանական գիտաժողով է հրավիրել՝ նվիրված Վարպետի ստեղծագործական ժառանգությանն ու անցած ուղուն:

Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է: Այն հիմնադրվել է բանաստեղծի մահից 6 տարի անց՝ 1963 թվականին այն սրբատաշ սև տուֆով կառուցված երկհարկանի առանձնատանը, որտեղ բանաստեղծը ապրել է իր կյանքի վերջին տասնամյակը, և որը 1945 թվականին նրա ծննդյան 70-ամյակի կապակցությամբ այն ժամանակվա Հայաստանի կառավարությունն էր հատկացրել բանաստեղծին:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ համավարակային այս տարում բազմաթիվ ծրագրեր ունեին, որոնք փորձել են աստիճանաբար իրագործել՝ նախապատրաստվելով իհարկե նաև հոբելյանական միջոցառումներին:

Տուն-թանգարանը այցելուների համար բացվել է պարետի որոշումից հետո, բայց, տնօրենի փոխանցմամբ, մինչև դա էլ իրենք անընդմեջ աշխատել են առցանց:

Արժելա Խորենյան. – Պայմանները շատ անսովոր էին երբ որ թանգարանը փակվեց, բոլորս հայտնվեցինք տանը և պիտի աշխատեինքն առցանց: Մինչ այդ էլ մենք մեր ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվացրել էինք, շատ հետաքրքիր նյութեր էինք դնում: Եվ այդ առաջին պահի շփոթությունը մենք շատ արագ հաղթահարեցինք: Երբ որ արդեն թանգարանը այցելուների համար վերաբացվեց, մի շատ հետաքրքիր, զարմանալի բան տեղի ունեցավ. ընթացքում, երբ որ մենք առցանց աշխատում էինք, թանգարանի հավանումները... 3 հազար հավանում ունեցանք միայն էջի: Եվ հաճախ մարդիկ նամակներով գրում էին, որ մենք շատ հետաքրքիր նյութեր ենք դնում, որ կան մարդիկ, որոնք չեն եղել թանգարանում, բայց էջին հետևելով որոշել են անպայման, երբ որ թանգարանը վերաբացվի, կայցելեն:

«Ազատություն». – Այսինքն` լրացուցիչ խթան հանդիսացավ:

Խորենյան. – Այո: Մինչև հիմա էլ մեզ շարունակում են մարդիկ գրել: Բավականին բարեկամներ ենք ձեռք բերել: Երիտասարդներ են նաև շատ միացել մեր էջին: Սկսեցինք շատ լավ օգտագործել մեր թանգարանի այգին: Մենք էստեղ անում ենք հեքիաթին նվիրված միջոցառումներ, գալիս են փոքրիկները, իհարկե` անվտանգության բոլոր կանոնները պահպանելով: Անում ենք հանդիպումներ երիտասարդ գրողների հետ: Որոշեցինք այդ ծրագիրը շարունակել, որովհետև այգում հարմար է: Բնականաբար, մենք նաև պատրաստվում են Իսահակյանի 145-ամյակին: Պիտի լինի հոկտեմբերի 30-ին, և ուզում ենք ամբողջ օրը նվիրել իրեն, միջոցառումների շարք անել և դրանք էլի կազմակերպել այգում: Իսահակյանի այգում տեղադրված է Նիկողայոս Նիկողոսյանի քանդակած Իսահակյանի կիսանդրին: Այդ կիսնադրին վատ վիճակում է, և մենք դա պիտի վերանորոգենք և իր ծննդյան օրը կանենք արձանի բացումը:

«Ազատություն». – Իսկ հրատարակչակա՞ն առումով:

Խորենյան. – Իսահակյանի հեքիաթները անցած տարի ենք հրատարակել, երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Հիմա մենք հրատարակելու ենք Իսահակյանի առակները` դարձյալ երկու լեզվով, լավ թարգմանությամբ: Երեխաների համար է, բավականին գունեղ, հետաքրքիր: Շատ սիրուն հրատարակություն է լինելու: Այս տարի դա անպայման իրականացնելու ենք: Նաև Իսահակյանի հայերեն գրքերի մատենագիտական ցանկն ենք ուզում այս տարի հրատարակել, որովհետև իր գրադարանի մատենագիտական ցանկը մենք չունենք, և ուզում ենք մաս-մաս հրատարակել:

«Ազատություն». - Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ այդ ծավալուն աշխատանքները իրականացնելու համար:

Խորենյան. – Խնդիրներ կան: Որովհետև մենք այս տարի համարյա չենք աշխատել, և մեր արտաբյուջեն չի ձևավորվել այս տարի: Բնականաբար, ֆինանսական խնդիրներ կան: Օրինակ, մենք ուզում ենք այգին լուսավորել, այդ օրը հետաքրքիր դեկորացիաներ տեղադրել... Էդ բոլորը ֆինանսական խնդիրների հետ է կապված: Եթե լինեին բարեգործներ, որոնք գոնե այդ օրվա համար մեզ օգնության ձեռք մեկնեին, մենք շատ շնորհակալ կլինեինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG