Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցները դատապարտում են Ալիևի հերթական քննադատի ազատազրկումը


Ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յաղուբլուին ազատ արձակելու պահանջով ակցիա Ադրբեջանում, 8-ը սեպտեմբերի, 2020թ.

Չնայած միջազգային հանրության քննադատությանը` Ադրբեջանի իշխանությունները երեկ կրկին խոչընդոտել են ակտիվիստների բողոքի ցույցը` կալանավորված ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յաղուբլուին ազատ արձակելու պահանջով:

Իշխանության ճնշումներից խուսափելու համար կազմակերպիչները որոշել են ակցիայի մասին սոցիալական ցանցերով տեղեկացնել աջակիցներին, սակայն դա էլ չի օգնել: Ոստիկանները ինչ-որ տեղից իմացել ու ակցիայի մեկնարկից առաջ արդեն դիրքավորվել են դեպքի վայրում: Փաստացի մի քանի տասնյակ ցուցարարների դեմ դուրս էր եկել երկու անգամ ավելի շատ ոստիկան, նախ բերման են ենթարկել նրանց, ում շապիկին պատկերված է եղել ընդդիմադիր գործիչ նկարը, հետո՝ նրանց, որ հանդգնել են բարձրաձայնել նրա անունը, վերջում էլ հերթը հասել է հարցազրույց տվողներին ու ակցիան լուսաբանող սակավաթիվ լրագրողներին:

Յաղուբլուն ճաղերի ետևում է արդեն շուրջ կես տարի, մի քանի օր առաջ Բաքվի դատարանը նրան ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել` խուլիգանության համար:

Ինքը` նախագահ Ալիևի մոլի քննադատը, մինչդեռ, մեղադրանքը չի ընդունում. 59-ամյա տղամարդը, ով, ըստ հարազատների, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, արդեն մոտ մեկ շաբաթ է` հացադուլ է անում` պահանջելով արդար դատաքննություն:

Նույնն են պահանջում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները: Երեկ Յաղուբլուի ազատազրկումը դատապարտել է Եվրախորհրդարանի պատգամավոր, մարդու իրավունքների հարցերով զեկուցող Իսաբել Սանթոսը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում պատգամավորը փաստել է` ընդդիմադիր գործչին դատարանում անգամ վերջին խոսքի իրավունք չի տրվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այս գործը հարուցվել է քաղաքական շարժառիթներով:

«Յաղուբլուի դեմ դատավճիռը հերթական ծաղրն է արդարադատության հանդեպ», - իր հերթին հայտարարել է միջազգային հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը, հավելելով` դատարանի որոշումն անակնկալ չէր և ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հեռուն կարող են գնալ Ադրբեջանի իշխանությունները սեփական ընդդիմախոսներին լռեցնելու համար:

Ի դեպ, Յաղուբլուն առաջին անգամը չէ հայտնվում ճաղերի ետևում. 2013-ին նա հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել` ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ազատ արձակումից կարճ ժամանակ անց` 2019-ին կրկին կալանավորվել, այս անգամ` մեկ ամսով, ոստիկանությանը չենթարկվելու համար: Վարչական կալանքից հետո նա պատմել էր` ինչպես են ուժայիններն իրեն ճնշել, կտտանքների ենթարկել ու ստիպել դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը:

«Յաղուբլուի նոր դատավճիռը դարձավ սեփական քննադատներին բանտերը լցնելու` Ադրբեջանի իշխանության դաժան քաղաքականության վերջին ապացույցը», - հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը` կոչ անելով Ալիևին արագ և առանց նախապայմանների ազատ արձակել նրան ու քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մյուս ընդդիմադիրներին:

Յաղուբլուի դուստրը, ով ինքն էլ տարիներ առաջ հայտնվել էր բանտում` ընդդիմադիր գործունեության համար, երեկ կրկին պնդել է. - «Հայրս առողջական լուրջ խնդիրներ ունի, և եթե նա հացադուլին չդիմանա ու նրա հետ ինչ-որ բան պատահի, դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող ռեժիմի վրա»:

XS
SM
MD
LG