Մատչելիության հղումներ

Արցախ այցելելու համար այսուհետ պարտադիր չէ Covid-19-ի թեստ հանձնել, մուտքի և ելքի սահմանափակումները կհանվեն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վերջին օրերին Հայաստանում դրական է լինում հետազոտությունների մոտ 6 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը շարունակում է նվազել: Վերջին օրերին դրական է լինում հետազոտությունների մոտ 6 տոկոսը, ինչը անցած ամսվա համեմատությամբ կրկնակի ցածր է։

Կայունացման պատճառը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, ասում է Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

«Երբ որ սահմանվեց պարտադիր պահանջ դիմակների կրելու տեսանկյունից, ուղիղ մեկ ամիս անց, այսինքն՝ երկու ինկուբացիոն շրջանի տևողությունից հետո մենք ունեցանք լուրջ ցուցանիշների անկում», - ասաց Աբովյանը:

Համաճարակաբանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հնարավոր երկրորդ ալիքին դիմակայելու համար։ Հարցին՝ արդյոք դիմակների կրումը շարունակելո՞ւ է պարտադիր լինել, Աբովյանը պատասխանեց՝ հատկապես փակ տարածքներում այն պետք է պահպանվի։

Նախորդ շաբաթ Ազգային ժողովը մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթ ընդունեց, ինչը թույլ կտա չերկարաձգել արտակարգ դրությունը և հակահամաճարակային միջոցառումներն իրականացնել կարանտինի ռեժիմում։ Կարանտին կարող է սահմանվել վարակիչ հիվանդությունների հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում։ Այս պարագայում ևս սահմանափակումները շարունակելու են պահպանվել, սակայն թե ինչ ռեժիմով և ինչպիսի կիրառմամբ՝ կորոշի կառավարությունը։

Արդյոք կարիք կա՞ շարունակելու խստացված ռեժիմի պահպանումը, եթե կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում կա։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ կհանվեն, սակայն հակահամաճարակային միջոցառումները պետք է շարունակել խստացված ռեժիմով պահպանել. - «Խստացումները պարտադիր պետք է պահպանվեն, եթե մենք չենք ուզում ունենալ ցուցանիշների կտրուկ աճ: Եթե մենք պահպանենք, մենք իրոք կունենանք լուրջ արդյունք: Այս ամենը հաշվի է առնցվել և այս նոր միջոցառումները, այս նոր վերանայումներն անդրադառնալու են դրան և անդրադարձել են, այնպես որ կարանտինի ժամանակ հակահամաճարակային միջոցառումների խստագույն պահպանումը կբերի նրան, որ մենք երկրորդ ալիքի ժամանակ կունենանք շատ թեթև դեպքեր կամ շատ ավելի քիչ դեպքեր»:

Covid-19-ի վարակակիրների բուժմամբ զբաղվում է 8 բժշկական կենտրոն

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող հիվանդանոցների թիվը ևս նվազում է։ Վարակակիրների բուժմամբ 8 բժշկական կենտրոն է զբաղվում։ Այս պահին և՛ հիվանդանոցներում, և՛ տանը բուժում է ստանում 3 հազար 182 հիվանդ։ Ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվող վարակակիրները գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն «Ազատության հետ զրույցում ասաց՝ այժմ բուժհաստատությունում ծանրաբեռնվածություն կա, սակայն այն գերծանրաբեռնված չէ, ինչպես, մայիս, հունիս ամիսներին էր։

«Ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների թվաքանակը փոփոխական է լինում, մեր մոտ հիմնականում միջինը մինչև մի 30 ծայրահեղ ծանր հիվանդներ ենք ունենում՝ մշտական գտնվելով, իսկ ծանրերի դեպքը՝ մոտավորապես 120-130-ի սահմաններում, մնացած հիվանդները գնում են միջին ծանրության և թեթև ընթացակարգով արդեն: Նախկինում ավելի մեծ էր թիվը, նախկինում մենք ունենում էինք մինչև 40, 45, 50-ին մոտ ծայրահեղ ծանր հիվանդներ, և ծանրերի թիվը 200-ից ավելի էր լինում», - ասաց Մանուկյանը:

Այս բժշկական կենտրոն են ընդունվում հիմնականում ուղեկցող քրոնիկական հիվանդություններով վարակակիրները, նրանց դեպքում հիվանդության բարդ ընթացքն ավելի հավանական է։ Բժշկի խոսքով, օրինակ, գերքաշը՝ ճարպակալումը, կորոնավիրուսի ծանր ընթացքի հիմնական պատճառներից մեկն է։

«Մահվան դեպքերն, իհարկե, առաջին հերթին պայմանավորված են հիվանդության ծանր ընթացքով, թոքերի ախտահարման ծավալներով, որը բերում է տարբեր բնույթի շնչական անբավարարություններ և, իհարկե, իրենց ուղեկցող այլ հիվանդություններով նույնպես պայմանավորված է մահվան դեպքերը: Հաճախակի մենք ունենում ենք սիրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, սկսած սրտամկանի սուր ինֆարկտից, արյունահոսություններ և տարբեր այլ բարդություններ, որոնք զարգանում են հիվանդության ընթացքում: Իհարկե, ամենատարածված բարդություններից էլ սուր թրոմբոզներն են, որոնք զարգանում են հիվանդության ընթացքում, դա կլինի վերջույթների անոթների թրոմբոզներ, թոքային զարկերակի: Ցավոք, այսօր դիահերձման արդյունքների բացակայությունով մենք լիարժեք չենք կարող կանխագուշակել մահվան պատճառները», - ասաց փոխտնօրենը:

Երեկ Հայաստանում 1864 թեստավորվածներից Covid-19 է հաստատվել 108-ի կամ գրեթե 6 տոկոսի մոտ։ Մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 3 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ էլ մահացել է այլ պատճառներով։ Բժիշկներն այս պահին ծանր են համարում 179 վարակակրի վիճակը, ծայրահեղ ծանր` 43-ինը, արհեստական շնչառության սարքին է միացված 20 հիվանդ։

Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները կհանվեն

Հայաստանում կորոնավիրուսի թվերի նվազման ֆոնին բացվում է Արցախի ճանապարհը, այսուհետ Ղարաբաղ այցելելու համար պարտադիր չէ Covid-19-ի թեստ հանձնել։ Միայն սահմանային հսկիչ անցագրային կետերում բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում կջերմաչափի և կիրականացնի արտաքին զննություն: Չեն գործի նաև արցախցիների համար մինչև այժմ գործող ելքի սահմանափակումները։

XS
SM
MD
LG