Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կանաչ» երկրների ցանկում


Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանից Ուկրաինա մեկնող քաղաքացիները ստիպված չեն լինի 14- օրյա պարտադիր ինքնամեկուսացման գնալ կամ էլ կորոնավիրուսի թեստ հանձնել։ Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման առումով դրական ցուցանիշներ արձանագրելուց հետո Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կանաչ» երկրների ցանկում։

«Ազգային ժողովում քննարկման ժամանակ ևս նշում էինք, որ այլ երկրները իրենք քաղաքականությունը որոշում են մեր քաղաքացիների մուտքի ռեժիմի հետ կապված՝ ելնելով ոչ թե արտակարգ դրության ռեժիմի հետ կապված, կարանտինի հետ կապված, այլ թե ինչպիսի համաճարակային իրավիճակ է տվյալ երկրում: Եվ, ինչպես տեսնում եք, որոշակի թվերի նվազումը թույլ է տալիս երկրներին վերանայել իրենց քաղաքականությունը», - նշում է Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Այնուհանդերձ Ուկրաինայում ՀՀ դեսպանություն Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ որոշումը բոլորին չի վերաբերում, այլ միայն այն խմբի մարդկանց, ովքեր ուկրաինական կառավարության կողմից երկիր մուտք գործելու իրավունք ունեն։

Անահիտ Ավանեսյանն ասում է, որ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության ու նաև այլ երկների հետ՝ Հայաստանից մեկնող քաղաքացիների մուտքի սահամափակումը վերացնելու համար:

Առողջապահության նախարարությունում թեև արդեն համաճարակային իրավիճակի դրական տեղաշարժի մասին են խոսում, բայց միևնույն ժամանակ դեռ զգուշավոր են. – «Առաջիկայում ունենք բացվող դպրոցներ, մենք ունենք բավականին մեծ ծավալի շփումների ավելացում: Եվ մենք պետք է շատ զգուշորեն մոտենանք, որպեսզի ունենանք այս նվազման տեմպը և թույլ չտանք, որ թվերը նորից սկսեն աճել»:
Արտակարգ դրության ավարտից հետո համաճարակային իրավիճակի վատթարացման դեպքում հնարավոր է կրկին արտակարգ դրություն հայտարարվի` չնայած անցած շաբաթ ընդունված կարանտինի օրենքին։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ բանը դրան չի հասնի, այնուամենայնիվ իրենք դիտարկում են հնարավոր մի քանի սցենար՝ կրթական հաստատությունների բացման, տեղաշարժի արգելքի վերացման, սահմանափակումների նվազեցման, հետևանքով առաջացած իրավիճակների համար. – «Ներկայումս ընդունված օրենքը հնարավորություն է տալիս ոչ թե ողջ ծավալով օգտվելու արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված գործիքակազմից, այլ դա որոշակի ծավալով ապահովում է, բայց կան իրավիճակներ և կա գործիքակազմ, որը հնարավոր է կիրառել միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Եվ եթե ստեղծվի էնպիսի իրադրություն, որը որ անհրաժեշտություն կստեղծի օգտվելու այդ ողջ գործիքակազմից, ապա իհարկե կառավարությունը կդիմի Ազգային ժողով` նորից վերադառնալու արտակարգ դրության ռեժիմին»:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, չնայած վերջին օրենսդրական փոփոխությունը պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով, սակայն կառավարությանը նման գործիքակազմ անհրաժեշտ է մշտապես. – «Ինքնին այդ ոլորտը բարեփոխելու նախագիծ կար դեռևս էս համաճարակից առաջ: Բայց քանի որ համաճարակը էկավ և իր հետ բերեց նաև ոնց որ նոր խնդիրներ, ամբողջական լուծման փաթեթը գնաց Ազգային ժողով և ընդունվեց ամբողջական»:

Արտակարգ դրության ավարտից հետո թե մասնավորապես որ սահմանափակումները կփոփոխվեն, հստակ կլինի առաջիկա օրերին: Կառավարությունը պետք է ընդունի կարանտինի մասին որոշումը։ Սակայն առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ենթադրում է, որ սահմանափակումները հիմնականում նույն ծավալով կպահպանվեն։

Այդուհանդերձ, արդեն հստակ է, որ մի շարք սահմանափակումներ նոր ընդունված օրենքով այլևս չեն կարող գործել, մասնավորապես` տնտեսական գործունեության կասեցումը, հավաքների արգելքը և էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմը. – «Ինստիտուցիոնալ ռեսուրսների և մեր պատրաստվածության աստիճանով պայմանավորված, դրանք պիտի որ թույլ տան մեզ պահպանելու իրադրությունը և թվերը չթողնելու, որ ավելանան»:

Հայաստանում անցած օրը 1038 թեստավորումից կորոնավիրուս է հաստատվել 62 քաղաքացու մոտ, այսինքն` 6 տոկոսի: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քիչ թվով թեստավորումները կապված են ոչ աշխատանքային օրերին իրականացվող պորֆիլակտի աշխատանքների հետ։

Առողջապահության գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով։ COVID-19-ից ևս 3 մահ է գրանցվել։ Մահացածներից ամենաերիտասարդը 50, իսկ ամենատարեցը 70 տարեկան էր։ Նրանք, ըստ առողջապաահության նախարարության, ունեցել են քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 549 մարդ:

XS
SM
MD
LG