Մատչելիության հղումներ

Մեկնարկեց 12 տարի առաջ ոստիկանությունում կասկածյալին ծեծի ենթարկելու գործով դատավարությունը


12 տարի առաջ ոստիկանությունում մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրվող Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանն ու Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը, ում լիազորություններն այժմ ժամանակավորապես դադարեցված են, այսօր հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել։

Վաչագան Ներսիսյանը ոչինչ չասաց: Նրա փաստաբանի խոսքով, հիմա տրամադրվածություն չունեն, հաջորդ նիստին կխոսեն:

Իսկ Նարեկ Սիմոնյանն էլ ասաց, թե «շոուն վերջացել է». – «Չեմ ցանակնում ձեր հարցերին պատասխանեմ, շոուն վերջացել ա... Գնացեք շոումեններին հարցը տվեք»:

Սիմոնյանին և Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։

Ըստ մեղադրանքի, 2008 թվականի նոյեմբերին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած անձն իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների, այդ թվում ավագ օպերլիազորի, Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Երբ կասկածյալը հերքել է դեպքին առնչություն ունենալու հանգամանքը, ոստիկանության պաշտոնյան և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս դեպքից միայն 11 տարի անց՝ համացանցում հայտնվեց «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութը, որի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ընթացքում պարզվեց բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվեց տուժող։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Ասլանյանը, Նարեկ Սիմոնյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ասլանյանը նույնիսկ պնդեց, թե Սիմոնյանը դեպքի վայրում չի եղել. – «Միայն այդ տեսանյութի հիման վրա է այս ամբողջ քրեական գործը կառուցվել, և ես կարող եմ ասել, որ ընդամենը արտաքին տեսքով նմանեցնելով, այն էլ միայն ճաղատության հատկանիշով Նարեկ Սիմոնյանին, այս քրեական հետապնդումը ամբողջությամբ ապօրինի է։ Ավելին ասեմ, այդ բաժանմունքում կան ևս ճաղատ մարդիկ և բնականաբար, դատաքննության ընթացքում այդ ամենը վերհանվելու է»:

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր, որը, սակայն հետաձգվեց՝ տուժողի բացակայության պատճառով։ Ամբաստանյալները միջնորդեցին, որպեսզի դատարանում լրագրողներն իրենց չտեսանկարահանեն։

Տուժող Արմեն Մարտիրոսյանը այժմ թմրանյութերի հետ կապված այլ քրեական գործով դատապարտված է։ Նրա բարեկամուհի Մերի Գրիգորյանն ասաց, որ 12 տարի առաջ տեղի ունեցածի մասին Մարտիրոսյանը բարձրաձայնել է միայն ընտանիքում. – «Դեռ տեսանյութը չէր հայտնվել համացանցում, ինքը ասել էր մի անգամ իր կնոջը, որ ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել... Ինչպե՞ս կարող էր նա այն ժամանակ բարձրաձայնել այդ մասին... չէին հավատա»:

Տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, թե ոստիկանները խոշտանգման միջոցով ինքնախոստովանական ցուցմունք են ստացել։ Նրա խոսքով, այս գործով միայն երկու անձ չէ, որ պետք է մեղադրյալի աթոռում լինեին, ըստ նրա, դեպքի վայրում բազմաթիվ անձինք են եղել. – «Որոնք կարելի է ասել, կոպիտ հոշոտել են անազատության մեջ գտնվող անձին, ծեծել են, տարել են այլ սենյակ, հետո էնտեղ են անմարդկային վարվել, հետո նորից բերել են քրեական հետախուզության պետի սենյակը: Քրեական գործում կա իրենց համակարգի երկու ոստիկանների ցուցմունք... Պետք է դատարանը այս գործով իրավունքի զարգացման վերաբերյալ դատավճիռ կայացնի և պետք է ճանաչի խոշտանգման փաստը: Քանի որ այս դաժանությունները եթե պետության կողմից անհաղորդ է մնում, հանդուրժում են, նոր խոշտանգումներ են ծնվում»:

XS
SM
MD
LG