Մատչելիության հղումներ

«Շարիթե»-ն Նավալնու ախտորոշման համար հարցումներ է ուղարկել ռազմական լաբորատորիաներ


Բեռլինի «Շարիթե» բժշկական կենտրոնը, որտեղ բուժման մեջ է գտնվում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, Բունդեսվերի և բրիտանական բանակի լաբորատորիաներից թունավոր և քիմիական մարտական թունավոր նյութերի փորձագետների օգնություն է խնդրել: Այս մասին հայտնում են Der spegial ամսագրի աղբյուրները:

Ամսագրի տվյալներով` հարցումն ուղարկվել է Մյունխենի փակ ռազմական լաբորատորիա, որտեղ աշխատում են Գերմանիայի թունավոր և մարտական քիմիական նյութերի մասնագետները: Բացի այդ, հիվանդանոցի բժիշկները դիմել են նաև բրիտանական Porton down ռազմական լաբորատորիային, որը մասնավորապես զբաղվում էր Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր ախտորոշմամբ:

Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ից կոմայի մեջ է: Այսօր «Շարիթե» հիվանդանոցը հրապարակել է Նավալնու առողջական վիճակի մասին զեկույց, որում ասված է, որ նա նախկինի պես գտնվում է արհեստական կոմայի մեջ, սակայն նրա վիճակը կայուն է, կյանքին լուրջ վտանգ չի սպառնում: «Թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է», - նշված է հաղորդագրության մեջ: Հիմնական հարցը, որի պատասխանը բժիշկները չեն տալիս, արդյոք կկարողանա նա ամբողջությամբ ապաքինվել և վերադառնալ ակտիվ կյանքի:

Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի առավոտյան հոսպիտալացվել էր Օմսկում, չնայած ընդդիմադիր գործչի կողմնակիցները վստահ են, որ նրան թունավորել են, այնուհանդերձ ռուսաստանցի բժիշկները հայտարարել են, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով: Բեռլին տեղափոխելուց հետո գերմանացի բժիշկները հաստատեցին թունավորման վարկածը` կասկած հայտնելով, որ Նավալնուն թունավորել են «խոլինէսթերազ» ինհիբիտորների խմբի նյութով: Այդ դասին են պատկանում նաև մարտական թունավոր այլ նյութեր, ինչպես օրինակ` «նավիչոկը»:

Նավալնու հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիությանը ակտիվ և հստակ ձևակերպված քաղաքականություն է հարկավոր, հայտարարել է այսօր Գերմանիայի արտգործնախարարությունը: Կանցլեր Անգելա Մարկելը, սակայն, այսօր ավելի վաղ ասել է, թե անհրաժեշտ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Նրա խոսքով` կան միջազգային հարցեր, որոնց լուծման հարցում Ռուսաստանը լուրջ խաղացող է: Որպես օրինակ նշել է իրավիճակը Սիրիայում և Լիբիայում: Նա նաև կրկնել է, թե «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը պետք է ավարտել, որ այն պետք չէ կապել Նավալնու գործի հետ: Միևնույն ժամանակ Մերկելը չի բացառել, որ Գերմանիայի իշխանությունները նախաձեռնեն Նավալնու հետ տեղի ունեցածի համաեվրոպական արձագանք, երբ հստակ պարզ լինի նրա հոսպիտալացման պատճառը:

Ընդդիմադիր գործչի կողմնակիցներն ու ընտանիքը համոզված են, որ Նավալնուն թունավորել են Ռուսաստանի իշխանությունները: Նավալնու թունավորման առնչությամբ, սակայն, Ռուսաստանում քրեական գործ դեռ չի հարուցվել: Ռուս պաշտոնյաները պնդում են, որ պետք է սպասել, մինչև պարզվի, թե ինչ նյութով են թունավորել նրան: Պաշտոնական Մոսկվան շարունակաբար պնդում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանի իշխանությունները սրա հետ որևէ կապ չունեն:

Ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Միլովը, ինչպես նաև շատերը Ռուսաստանում համոզված է, որ սա «ռուսական ծառայությունների Կրեմլի պատվերով կամ լուռ համաձայնությամբ կատարած» հանցագործություն է, որի նպատակն է չեզոքացնել Կրեմլի համար լուրջ վտանգ ներկայացնող ընդդիմադիր գործչին, հատկապես որ եկող տարի Ռուսաստանում պետք է կայանան Պետդումայի ընտրությունները: «Երբ ես լսեցի այդ լուրը, ես ոչ մի կասկած չունեի, ես գիտեի, որ այդպես է լինելու: Մենք նույնիսկ Նավալնիի հետ այդ մասին ասում էինք, որ Կրեմլում անհանգստանում են Պուտինի վարկանիշի անկմամբ, ընդդիմության վարկանիշի աճի կապակցությամբ: Անհանգստանում են նրանով, թե ինչ ենք անում մենք Youtube-ում, օրինակ, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք Բելառուսում, նույն Youtube-ի հեղափոխություն է: Սերգեյ Տիխանովսկին` նախագահի առանցքային թեկնածուն, որի կինը` Սվետլանան, ի վերջո հաղթել է ընտրություններում, հայտնի է դարձել իր Youtube-ի ալիքի շնորհիվ, այսինքն` կարելի է ասել` Տիխանովսկին բելառուսական Նավալնին է: Պուտինը տեսնում է բողոքողների ալիքը մարզերում, նա հասկանում է, որ խելացի քվեարկության ռազմավարությունը աշխատում է և իշխանությունների համար վտանգավոր է: Պուտինի տեսանկյունից դա միանգամայն տրամաբանական է թվում, և եթե հիշենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին 20 տարիների ընթացքում, նույնիսկ զարմանալ պետք չէ, քանի որ Պուտինի օրոք քաղաքական ընդդիմախոսների սպանություններն ու մահափորձերը, ցավոք, սովորական են դարձել», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է նա:

XS
SM
MD
LG