Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք: «Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է», - մանրամասնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 11 հազար 439 փորձանմուշի հետազոտություն:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի երկու վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: