Մատչելիության հղումներ

Խաղողագործները շարունակում են բողոքել խաղողի մթերման գնից


Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Խաղողագործները շարունակում են բողոքել խաղողի մթերման գնից: Շուկայում խաղողի մթերման համար առաջարկվող հիմնական գինը մեկ կիլոգրամի դիմաց 135 դրամն է, մինչդեռ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի ներկայացրած հաշվարկներով՝ խաղողի ինքնարժեքը կազմում է 110-120 դրամ:

«Մեր համար ընդունելի գինը, եթե իրականում այսօր խաղողագործը որ կարողանա խաղողագործությունը զարգացնել և կյանքից և իր գործունեությունից գոհ, դա 230-250 դրամն է կանգուն ռկածաթելի սորտի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ հավելելով. - «15 թվականին եղել է 150 դրամ, անցյալ տարի եղել է 150-160` կանգուն ռկածաթելի սորտի համար»:

Մթերման գնի նվազումը վերամշակող ձեռնարկությունները բացատրում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամով: Դեռ օգոստոսի 13-ին Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր, որն ուղղված էր գինի և կոնյակ արտադրողներին: Ծրագիրը ենթադրում էր արտոնյալ վարկերի տրամադրում, ինչպես նաև նոր արտոնություններ արտադրությունում օգտագործվող տարաների և այլ սարքավորումների լիզինգի գործընթացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այս ծրագրի վերջնական շահառուն խաղողագործներն են:

«Այսպիսով աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ ենք ապահովում և նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի այս տարի լիարժեք խաղողի մթերում տեղի ունենա: Եվ, իհարկե, տարին ճգնաժամային է այս առումով, և մենք բոլորս պետք է արձանագրենք, որ գուցե թե պրոցեսները էնպես չեն գնում, ինչպես կլիներ մեր լավագույն ցանկություններով», - հայտարարել էր պետության ղեկավարը:

Հայաստանի խաղողագործների միության նախագահն ասում է՝ իրենք ուղիղ սուբսիդավորում են պահանջում: Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս պայմաններով որևէ խաղողագործ մթերում չի իրականացնի:

«Եթե վերամշակող ձեռնարկությունը կարողանում է 135 դրամ տալ, բերեք դուք էլ սուբսիդավորեք էն մնացածը, հիմա կլինի 30 դրամ, 35 դրամ, 50 դրամ՝ ինչքան հնարավորությունը թույլ է տալիս: Անհատապես սուբսիդավորեք մեկ կիլոգրամի գինը՝ թող գա հասնի գյուղացուն», - ընդգծեց Սարգսյանը:

Երեկ խաղողագործները կարճ ժամանակով փակել էին Երևան-Երասխավան ավտոճանապարհը: Բողոքի ակցիայից հետո շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել Արարատի մարզպետարանում: «Ազատությանը» մարզպետարանի լրատվության բաժնից փոխանցեցին՝ խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կկարողանան համաձայնության գալ գյուղացիների հետ, խաղողագործներն էլ գնից դժգոհ չեն մնա:

XS
SM
MD
LG