Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բարձր ջերմություն ունի. փաստաբան


Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության նիստ, արխիվ։
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության նիստ, արխիվ։

Սերժ Սարգսյանը բարձր ջերմություն ունի: Բժշիկն ախտորոշել է սուր շնչառական վարակ, ցուցվել է տնային ռեժիմ: Դատական հերթական նիստին Հայաստանի նախկին նախագահի բացակայությունն այսօր այսպես հիմնավորեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր ամբաստանյալներ Սերժ Սարգսյանի, Գևորգ Հարությունյանի և Սարգսյանի փաստաբան Մակինյանի բացակայության պատճառով: Հարությունյանն ու Մակինյանի հիմնավորել էր, թե վատառողջ են եղել: Այս բացակայությունը դատարանն անհարգելի էր համարել, իսկ այսօրվանը` ոչ:

Իր ղեկավարության տարիներին պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների դատական նիստերը հետաձգվում են դեռ ապրիլից: Փաստաբան Մակինյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել` որպես պատճառ նշելով կորոնավիրուսի համաճարակը:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր տարակուսեց, թե «դատական նիստից առաջ ինչ-որ հիվանդություններ են առաջանում»:

Սերժ Սարգսյանի փաստաբանը, դիմելով մեղադրող դատախազին, ասաց, որ Սարգսյանի առողջական վիճակի մասին խոսելիս «իբր» բառն օգտագործելիս և «ամբաստանյալ Սարգսյան» շեշտադրումներն անելիս հարկ է հիշել, որ խոսքը Հայաստանի երրորդ նախագահի մասին է:

«Երբ դատախազը դեռ ուսումնառություն էր ստանում, ՀՀ 3-րդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ, որից կախված է այսօր ...», -նախադասությունը ավարտին չհասավ, որովհետև դատավորն ընդհատեց Սարգսյանի փաստաբանի խոսքը։ Վերջինս ասաց, թե դատախազն անցնում է էթիկայի սահմանները, սակայն այս պնդումը դատավորը չընդունեց. - «Դադարեցրեք բանավեճը: Դատախազի գործողությունները, հայտարարությունները, դատարանի ներքին համոզմամբ ու գնահատմամբ, համապատասխանում են դատավարական ընթացակարգերին: Ու էս առումով նաև իմ համար կարա այնքանով հասկանալի լինի դատախազի մտահոգությունը պարոն Սարգսյանի չներկայանալու մասին, ինչքանով որ կարա ձեր կողմից նման մտավախություն լինի որևէ մասնակցի, այդ թվում և դատախազի` նման պատճառով չներկայանալու մասին»:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով, հաջորդը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։

2018-ին ժողովրդական ճնշմամբ հրաժարական տված Սերժ Սարգսյանը դատարանի առաջ է կանգնել պեբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեղադրանքով։ Խոսքը գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզվառելանյութի ձեռք բերման ծրագրով թույլ տրված չարաշահումների մասին է։

Այս գործով մեղադրյալ է նաև Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Գալստյան և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյան։ Հինգն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

XS
SM
MD
LG