Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց, նա չէր ներկայացել համավարակի պատճառով


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով։ Բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ պաշտոնաթող նախագահը չի ներկայացել դատարան կորոնավիրուսային համավարակի տարածվածության պատճառով։

Նա նշեց` իրենք անգամ գրությամբ էին դիմել դատավոր Վահե Միսակյանին նիստը հետաձգելու մասին, բայց դատավորը մերժել էր իրենց խնդրանքը։ Ամրամ Մակինյանը նշեց՝ կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա վիճակագրությունն ու մահացության դեպքերն իրենց թույլ են տալիս եզրահանգել, որ դեռևս նիստեր անցկացնելը վտանգավոր է հատկապես խոցելի տարիքային խմբում գտնվողների համար, որպիսին է նաև 66-ամյա Սերժ Սարգսյանը։

Դատարանն այսօր որոշեց հաջորդ նիստի օր նշանակել օգոստոսի 6-ը։

Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

XS
SM
MD
LG