Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Առողջապահության նախարարությունը ծախսել է 11,44 միլիարդ դրամ


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում Առողջապահության նախարարության կողմից այս տարվա մարտից մինչև սեպտեմբերի 1-ը իրականացվել են 11 միլիարդ 449 միլիոն 534 հազար 268 դրամի փաստացի ծախսեր:

Գերատեսչության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 3 միլիարդ 40 միլիոն 513 հազար 750 դրամ հատկացվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերին, 2 միլիարդ 871 միլիոն 480 հազար 38 դրամ՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, 1 միլիարդ 840 միլիոն 22 հազար 459 դրամ՝ դեղորայքով և ԲՆԱ հագեցվածությանը, 876 միլիոն 67 հազար 744 դրամ՝ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությանը, 826 միլիոն 126 հազար 809 դրամ՝ պարգևատրումներին, 795 միլիոն 893 հազար 317 դրամ՝ բժշկական կենտրոնների վերանորոգմանը, 529 միլիոն 118 հազար 100 դրամ՝ բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներին (պայմանագրային գներով), 393 միլիոն 21 հազար 823 դրամ՝ Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերին, 277 միլիոն 290 հազար 229 դրամ՝ այլ պետական մարմինների կարիքների համար վճարումներին:

Հաղորդագրությունում նշված է, որ ներկայացված են բացառապես Առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 44,2 հազար մարդ, մոտ 39 հազարն ապաքինվել են, 887-ը՝ մահացել COVID-19-ից, տվյալ պահին բուժվում է մոտ 4,3 հազար մարդ:

XS
SM
MD
LG