Մատչելիության հղումներ

COVID-19-ի դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությունը չորս ամսում ծախսել է 5,8 մլրդ դրամ


Բուժաշխատողներ, շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում Առողջապահության նախարարությունը մարտից մինչև հուլիսի 1-ը իրականացրել է 5 միլիարդ 808 միլիոն 527 հազար 812 դրամի (մոտ 11,97 միլիոն դոլար) ծախսեր: Այդ մասին ասված է նախարարության այսօր հրապարակած ֆինանսական հաշվետվությունում:

Վերոհիշյալ գումարից 1 միլիարդ 443 միլիոն 504 հազար 690 դրամը վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերն են, 651 միլիոն 968 հազար 363 դրամն ուղղվել է պարգևատրումներին, 1 միլիարդ 66 միլիոն 518 հազար 894 դրամը՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, 828 միլիոն 74 հազար 847 դրամը՝ դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, 669 միլիոն 323 հազար 500 դրամը՝ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությանը, 618 միլիոն 851 հազար 437 դրամը՝ բժշկական կենտրոնների վերանորոգմանը, 389 միլիոն 675 հազար 775 դրամը՝ ժամանակավոր մեկուսարանների պահպանմանը, և 140 միլիոն 610 հազար 307 դրամը՝ այլ պետական մարմինների կարիքների համար գնումներին:

Ներկայացվածը բացառապես Առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերն են, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից, նշված է հաղորդագրությունում:

Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը նախարարությունը խոստանում է պարբերաբար թարմացնել։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին հայտարարվեց մարտի 1-ին, մինչ օրս երկրում հաստատվել է COVID-19-ի մոտ 37 հազար դեպք, հիվանդությունից մահացել է 700 մարդ, բուժվել՝ ավելի քան 26 հազարը: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 833 մարդ:

XS
SM
MD
LG