Մատչելիության հղումներ

Լավրով․ Ռուսաստանը կպատասխանի Բելառուսը Միութենական պետությունից պոկելու փորձերին


Բելառուսի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր խոստացել է, որ Ռուսաստանը կպատասխանի Բելառուսն իրենից ու Միութենական պետությունից պոկելու փորձերին: Այս մասին նա ասել է իր բելառուսցի պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ համատեղ ասուլիսին:

Իսկ վաղը` սեպտեմբերի 3-ին, Մինսկ կայցելու Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ սկսվել է Բելառուս – Ռուսաստան միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացի վերջնական փուլը, որի վերջակետը պետք է դրվի առաջիկայում կայանալիք Պուտին – Լուկաշենկո բանակցությունների ժամանակ:

Լավրովն այսօր ասել է, որ Լուկաշենկոն Մոսկվա կայցելի «առաջիկա երկու շաբաթների ընթացքում»: Նախօրեին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ինքը Պուտինի հետ միասին «կպահպանի Ռուսաստանի հետ ընդհանուր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ»:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Պաշտոնական տվյալների համաձայն, հաղթող է ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվել են բազմահազարանոց բողոքի ակցիաներ:

Պուտինն առաջիններից մեկն էր շնորհավորել Լուկաշենկոյին, իսկ ավելի ուշ նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Բելառուս ուղարկել ուժայինների` եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Երեկ Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարեց, որ Բելառուսին, ինչպեսև Ռուսաստանին «լուրջ վտանգներ են սպառում Արևմուտքից»: Այս անգամ նա նաև ասել է, որ եթե Բելառուսի արևմտյան սահմաններին «կռիվ տան», Մինսկն ու Մոսկվան գործի կդնեն զինված ուժերի համատեղ խմբավորումը:

Այսօր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Լուկաշենկոն իր այս հայտարարությունները չի համաձայնեցրել Պուտինի հետ, և որ համաձայնեցնելու կարիք չկա:

Երեկ «Ռոյթերզը», հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին, գրել է. «Եթե Ռուսաստանը միջամտի բելառուսական ներքին զարգացումներին, Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանեն»:

Բողոքի ակցիաները Բելառուսում շարունակվում են: Երեկ Մինսկի կենտրոնական պողոտա դուրս էին եկել ուսանողները: Ոստիկանությունը կոշտ միջոցներով ցրել է ցույցը, կան ձերբակալվածներ, այդ թվում լրագրողներ:

Մինչդեռ բելառուսական ընդդիմության շարքերում արդեն կան տարաձայնություններ: Ընտրություններին, հիշեցնեմ, որպես թեկնածու ամուսնու փոխարեն մասնակցել է ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը` Սվետլանա Տիխանովսկայան: Նա, սակայն, ընտրություններից մի քանի օր անց, երբ իրավապահները դաժանաբար ցրում էին բողոքի ակցիաները, ստիպված է եղել հեռանալ երկրից: Տիխանովսկայան մինչև օրս գտնվում է Լիտվայում: Նրա` որպես ընդդիմության առաջնորդի հետ արդեն շփվում են արևմտյան երկրների առաջնորդները:

Մինչև ընտրությունները Լուկաշենկոն հիմնական մրցակիցները երկուսն էին` Վիկտոր Բաբարիկոն և Վալերի Ցեպկալոն: Բաբարիկոյին, որը համարվում էր Կրեմլի թեկնածուն, Լուկաշենկոն ձերբակալել էր դեռ մինչև ընտրությունները: Իսկ Ցեպկալոն ստիպված է եղել հեռանալ Բելառուսից`ասելով, թե հակառակ դեպքում իրեն էլ կձերբակալեն:

Բելառուսում մնացել էին նրանց կանայք և թիմակիցները, որոնք միավորվել էին Սվետլանա Տիխանովսկայայի շուրջը: Այս պահին Բելառուսում մնացել է միայն Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան` երեք ընդդիմադիր կին առաջնորդներից մեկը:

Երեկ Կոլեսնիկովան հայտարարել է, թե Բաբարիկոյի կողմնակիցները ստեղծում են քաղաքական կուսակցություն, և որ Բաբարիկոն ու իր թիմակիցները կողմ են, որպեսզի երկրում անցկացվի սահմանադրական հանրաքվե:

Հիշեցնեմ, սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին այս օրերին խոսում են Ալեքսանդր Լուկաշենկոն և պաշտոնական Մոսկվան:

Տիխանովսկայան և Ցեպկալո ամուսինները, մինչդեռ, հայտարարում են, որ պետք չէ թուլացնել բողոքի ալիքը, որ օրակարգում պետք է լինի միայն իշխանափոխությունը:

«Գլխավոր խնդիրը պետք է լինի քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը: Ընդ որում, Լուկաշենկոն պետք է հեռանա: «Հեռացի'րը» մեր քաղաքական արշավի հիմնական կարգախոսն է: Մենք չպետք է այսօր կաբինետային որևէ բանավեճի գնանք», - այսօր հայտարարել է Վալերի Ցեպկալոն:

XS
SM
MD
LG