Մատչելիության հղումներ

Դատախազություն. Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել ոչ պիտանի տներ, քրգործ է հարուցվել


«Հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27 միլիոն դրամ։ Այդ նպատակով նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում և ձևավորվել գնահատող հանձնաժողով։

Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.9 միլիոն և 26.7 միլիոն դրամ գնային առաջարկներով։

Նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։

Մինչդեռ, դատախազությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։ Փոքր տները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։

Այսինքն, ըստ դատախազության` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53 միլիոն 680 հազար դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։

Գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝) հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG