Մատչելիության հղումներ

Արցախը տոնում է Հանրապետության օրը


Արցախի պետական դրոշը, արխիվ
Արցախի պետական դրոշը, արխիվ

Լրացավ Արցախի անկախության հռչակման 29 տարին:

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի և Հայաստանի ղեկավարները:

Իր ուղերձում շնորհավորելով ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. - «Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը: Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրում է. - «1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը: Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում»:

«Սա մեր իղձերի իրականացման և հնարավորությունների իրացման իսկապես պատմական ժամանակաշրջան էր, որի կարևորությունը շատ լավ էինք գիտակցում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Անկախության հռչակումը դարձավ այն արագացուցիչը, որի միջոցով Արցախում մարմին առավ ինքնիշխան պետականությունը», - ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը», - նաև շեշտում է Հայաստանի նախագահը:

Արմեն Սարգսյանն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ նրան և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորելով Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG