Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը


2019 թվականի սեպտեմբերի 1-ը Երևանի դպրոցներից մեկում

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է:

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Իր ուղերձում շնորհավորելով աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին, Հայաստանի նախագահը մասնավորապես գրում է. - «Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։ Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով»:պրոց։

«[Դպրոցից] է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, և իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։

Գիտելիք՝ կյանքի, մարդու, աշխարհի և բնության մասին... Այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։

Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը, մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել։

Գիտելիքը ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի և անուղղակի իմաստով սարեր շրջել», - ընդգծում է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով.

«Այդ ուժն առաջին հերթին սնվում է Ընտանիքից, Հայրենիքից, հայրենի հողից։

Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը։ Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունն ու գիտելիքը, տիրապետել լեզուների և նորագույն տեխնոլոգիաների, ձեր բանականությամբ ստեղծել արհեստական բանականություն և այն ուղղել մեծ արժեքներ ստեղծելուն։

Բայց միշտ հիշեք, որ առաջնային են ընտանեկան ու ազգային արժեքները և ազգային նպատակները»։

«Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է. - «Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։ Աշխարհում այսօր տարածված համավարակի հետևանքով բազում մարտահրավերներ են առաջ եկել, դժվարություններ են հառնել նաև մեր կրթական հաստատությանց առջև ուսումնական գործընթացում։ Մենք աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը, որ անխոչընդոտ մեկնարկի ուսումնական տարին և մեր զավակներին տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում»։

XS
SM
MD
LG