Մատչելիության հղումներ

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի տնօրենը համոզված է՝ պահանջվող սահմանափակումներով անհնար է վերաբացել իրենց դպրոցը


Դասասենյակ հայաստանյան դպրոցներից մեկում, արխիվ
Դասասենյակ հայաստանյան դպրոցներից մեկում, արխիվ

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը համոզված է՝ կրթության նախարարության ներկայացրած սահմանափակումներով անհնար կլինի վերաբացել իրենց դպրոցը:

Արդեն 20 տարի նախկին մանկապարտեզի երկհարկանի շենքում տեղավորված դպրոցում դասարանները փոքր են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, միջանցքները նեղ են, սանհանգույցը շատ մոտ է դասասենյակներին, աստիճանները միակողմանի են: Անգամ երկհերթ դասապրոցեսի դեպքում հնարավոր չէ ապահովել սահմանված պահանջները, ասում է հատուկ դպրոցի տնօրենը:

«Ոնց էլ լինի, եթե դասարանը երկու մասի բաժանենք, էնտեղ արդեն կլինի տասնըքանի երեխա, տաս երեխա, իսկ տաս երեխայի համար էնտեղ պահանջվում է 54 քառակուսի մետր: Մեր դպրոցում 54 քմ դասարան ընդհանրապես չկա, այսինքն՝ մենք դպրոցում ունենք ընդամենը երևի մի երկու-երեք դասարան, որ կարող ենք այդ պայմաններին, հա, բայց դպրոցում կա այսօր 11 դասարան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ծատուրյանը:

Նեղլիկ, փոքր ուսուցչանոց ունեն, որտեղ տեղավորվում է ընդամենը երեք գրասեղան ուսուցիչների համար: Նորաստեղծ լաբորատորիան և համակարգչային դասարանը տեղավորել են միևնույն սենյակում: Արմեն Ծատուրյանն ափսոսում է, որ գործնական պարապմունքների լավ հնարավորություններ կան, բայց չեն կարողանալու լիարժեք օգտագործել դասապրոցեսի ընթացքում:

«Երբ որ ես կարդում եմ էդ ուղեցույցը և նայում եմ մեր պայմանները, ապա տեսնում եմ, որ, եթե դրան մի քիչ մոտիկ լինեին, ես մեծ հաճույքով կհարմարվեինք՝ մեր կոլեկտիվը, և այլն, և կանեինք, այո, վերադասի էդ ուղեցույցը կառաջնորդվեինք: Բայց ուղղակի երբ որ ես նայում եմ մեր հարմարությունները, որոնք շատ հեռու են դա իրականացնելուն, էդ՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ կան էլեմենտար բաներ, որոնք իրոք հնարավոր չի, և այն պարագայում, երբ որ պատասխանատվությունը տնօրենի վրա է, դրա համար ես անհանգստացած եմ», - ընդգծեց կրթական հաստատության ղեկավարը:

Հանրապետական ու միջազգային տարբեր օլիմպիադաների մրցանակների, ինչպես նաև Հայաստանի նախագահի պարգևների արժանացած ու այլ ձեռքբերումներ ունեցած դպրոցի տնօրենն ասում է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում արդեն տեղյակ են դպրոցի խնդիրների մասին, եկել, ուսումնասիրել են, դիտարկվում են դպրոցն այլ շենք տեղափոխելու հնարավորությունները:

Տնօրենն ասում է՝ եթե չգտնվի ավելի հարմարավետ պայմաններով որևէ շենք, կդիմի վերադասին՝ դասերն օնլայն ռեժիմով անցկացնելու թույլտվության համար: Միևնույն ժամանակ, անցած ուսումնական տարում անցկացված օնլայն դասապրոցեսը լիարժեք չի համարում:

Դպրոցն իր սեփական հետազոտությունն է արել հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների սաների մոտ 4 հազար ծնողների շրջանում և պարզել, որ նրանց 97 տոկոսը ցանկանում է երեխաներին ուղարկել դպրոց ու դժգոհ է առցանց տարբերակից:

«Ես այն կարծիքին եմ, որ դպրոցը գիտելիքի հարց չի միայն լուծում, այլ նաև կա երեխաների սոցիալականացման խնդիրը: Եվ էդ սոցիալականացման բաժինը արդեն գրեթե օնլայնի ժամանակ բացառվում է, էլ չեմ ասում մյուս կողմը, երբ որ օնլայն ուսուցումը բերում է երեխաների առողջական, հոգեբանական և այլ շատ խնդիրներ: Մենք դա վեր ենք լուծել, և ես կարծում եմ՝ էդ վերլուծությունը դեռևս շարունակվելու է: Անձամբ ես՝ որպես մանկավարժ, օնլայնը, օնյալն ուսուցումը դա ոչ մի բանի չի տանի, բացի բացասական հետևանքներով», - ասաց Արմեն Ծատուրյանը:

Նախարարության սահմանած կանոններով՝ Հայաստանի բոլոր դպրոցներում, սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել: Դասերը կանցկացեն երկու հերթով՝ առավելագույնը 20 աշակերտով: Ֆիզկուլտուրայի և երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի:

Այս սահմանափակումները պարտադիր են նաև մասնավոր դպրոցների համար:

XS
SM
MD
LG