Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Ձերբակալվել են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք


Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Ըստ ՀՔԾ-ի` նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 308-րդ հոդվածի 1‑ին (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) մասերով, ինչպես նաև ՔՕ 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվար‑փետրվար ամիսներին ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17‑ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16 միլիոն 34 հազար 356 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, ինչպես հայտնում է ՀՔԾ-ն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, մաքսային ծառայության վերը նշված պաշտոնատար անձինք 2020թ. հունվարի 25‑ին և 29-ին, ինչպես նաև 2020թ. մարտի 1-ին նույն եղանակով` առանց մաքսային հայտարարագրման, թույլատրել են նշված մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 28 միլիոն 397 հազար 753 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG