Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն առաջիններից ձեռք կբերի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, նրա խոսքով՝ կառավարությունն այդ հարցով բանակցություններ է վարում մի շարք ընկերությունների հետ։
«Բժիշկները շատ լավ գիտեն, որ ցանկացած պատվաստանյութ պետք է փորձարկումների մի քանի փուլ անցնի, ինչից հետո միայն մտնի շուկա: Այդ իսկ պատճառով, պատվաստանյութը երկիր է ներկրվելու փորձարկումների բոլոր փուլերը, հետազոտությունները, թեստերն անցնելուց, միջազգային արտոնագրերը ստանալուց հետո միայն», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:
Ալիևն իր խոսքում որևէ կերպ չի հիշատակել ռուսաստանյան վիճահարույց պատվաստանյութը, որը ձեռք բերելու Բաքվի ցանկության մասին անցած շաբաթ հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետը: Տատյանա Գոլիկովան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում մասնավորապես ասել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանին է դիմել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ձեռք բերելու հարցով:
Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը: