Մատչելիության հղումներ

Հայ դատի պաշտպանության Ֆրանսիայի հանձնախումբը բողոք է ներկայացրել ոստիկանություն «Գորշ գայլեր»-ի դեմ


Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյան, արխիվ

Հայ դատի պաշտպանության Ֆրանսիայի հանձնախումբը ոստիկանությանը բողոք է ներկայացրել «Գորշ գայլեր» անունը կրող ծայրահեղական ազգայնական կազմակերպության և նրա ղեկավարներից մեկի` Ահմեդ Չեթինի դեմ ատելության հրահրման և բռնության գործադրման մեղադրանքով: 60-ականներին ստեղծված և տասնամյակներ ի վեր եվրոպական երկրներում հաստատված «Գորշ գայլեր» շարժումը պաշտպանում է պանթուրքիզմի գաղափարը: Այդ կազմակերպությանը պատկանող մի խումբ` Ահմեդ Չեթինի գլխավորությամբ, զինված դանակներով ու մտրակներով լիոնամերձ հայաշատ քաղաքներ են գնացել համայնքի մոտ սարսափ առաջացնելու մտադրությամբ: Իսկ համայնքը Հայ դատի պաշտպանության հանձնախմբի կազմակերպմամբ խաղաղ ցույցի էր դուրս եկել, ինչպես իրենք են հայտնում, «Ադրբեջանի հարձակմանը ենթարկված Հայաստանի բնակչությանն իր համերաշխությունն արտահայտելու համար»:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը միացել է Հայ դատի պաշտպանության հանձնախմբի բողոքին: Նրա համանախագահ Արա Թորանյանի խոսքով. - «Բոլորը գիտակցում են այսօր, թե այն, ինչ տեղի է ունեցել Դեսինում հուլիսի 24-ին, ծայրահեղ աստիճանի լուրջ է, այն ոչ այլ ինչ է, քան հայկական հանրահավաքի դեմ պանթուրքիզմի ավանդության դրսևորման փորձ, որը մեզ տանում է հարյուրամյակներ ետ դեպի Օսմանյան կայսրություն: Սա մի իրողություն է, որը բացարձակապես անթույլատրելի է և անհամատեղելի հանրապետության արժեքների հետ»:

Դեսինի իրադարձությունը մի որոշ ժամանակ լռության տակ մնալուց հետո այսօր քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է: «Մամուլում եղած հոդվածները շարժունակության ենթարկեցին քաղաքական դասակարգին, - նշում է Թորանյանն ու շարունակում, - տարբեր անհատականություններ, ինչպես օրինակ` հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունների նախագահները և այլք խստորեն դատապարտեցին Դեսինում կատարվածը և իրենց համակրությունը հայտնեցին համայնքին:

Այս փուլում, երբ բողոքը վերաբերում է մի ազգության հանդեպ ատելության հրահրմանը, պատիժը կարող է սահմանափակվել 1 տարվա բանտարկությամբ և 45 հազար եվրո տուգանքով, բայց մենք պետք է հետազոտենք մեր տրամադրության տակ եղած տեսաերիզները` տեսնելու, թե կան տարբեր տարրեր, որոնցով կարող ենք գնալ ավելի հեռու: Պետք է մտածենք, թե ինչպես որակել Ահմեդ Չեթինի կողմից Դեսինի համայնքի առջև արված այն զարհուրելի հայտարարությունը, թե «թող պետությունը 2 հազար եվրո տա ինձ և մի զենք, և ես կանեմ Ֆրանսիայում այն, ինչ պետք է արվի, ուր էլ որ դա լինի»:

Արա Թորանյանը տեղեկացնում է` Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններին այս դեպքի առնչությամբ. - «Կարծում եմ` Դեսինի իրադարձությունն առիթ է կրկին օրակարգ բերելու ժխտողականության քրեականացման հարցը, որն այժմ ավելի քան երբեք անհրաժեշտ է: Հայոց ցեղասպանությունը միակն է 20-րդ դարի ցեղասպանություններից, որը պաշտպանված չէ, հետևաբար մենք կարիք ունենք այդ օրենքի` մեր նահատակների հիշողությունն ու մեր համայնքը պաշտպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG