Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված՝ այսօր Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները հայկական կողմի համար կանխատեսելի են։
Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով է Ստեփանակերտում։ Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին այնտեղ տոնելու են անկախության հռչակման 29-րդ տարեդարձը։
«Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր մարտավարությունը և ռազմավարությունը և մեր փոխգործակցության, և մեր զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են: Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը», - ասաց Փաշինյանը:
Անցած ամիս Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ ծավալված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցավ դիրքային բարելավում, ադրբեջանական կողմը հայտարարեց իր 12 զինծառայողների, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևի զոհվելու մասին։ Հայկական կողմը հայտնել է 6 զինծառայողի զոհվելու մասին։
«Իհարկե, մենք համատեղ շատ մեծ օրակարգ ունենք սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից: Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել Արցախում տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:
Իր խոսքում տավուշյան մարտերին անդրադարձավ նաև Արցախի նախագահը. «Հերոսացման առիթներ շատ ենք ունեցել, բայց ունենալ այնպիսի հաջողություն, որը մենք արձանագրել ենք հուլիսյան օրերին Տավուշում և ծանոթանալով մեր հերոսների սխրագործությանը, ակամայից հիշել եմ 1990-ական թվականները` պատերազմի ժամանակահատվածը: Նշեմ, որ դա մեր հերթական հաղթանակն է անկախության տարիներին»:
Հիշեցնենք, երեկ Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տավուշյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողությունը։ 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Այսօր Ստեփանակերտում նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացան Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն ու 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, կապիտան Արմենակ Ուրֆանյանը։