Մատչելիության հղումներ

Պատվաստանյութի հարցում պետք է «լավ ինֆորմացիա հավաքել, կշռադատել և հետո որոշում կայացնել»


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 24,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 832 հազար մարդ: Աշխարհը սպասում է COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Մշակվող հարյուրավոր պատվաստանյութներից երկուսուկես տասնյակը գտնվում են մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլում:

Նաև այս թեմայի շուրջ է զրուցել Կարլեն Ասլանյանը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ինչո՞ւ է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վակցինացիայի հարցում այդքան հեռու ժամկետ նշում: Ի վերջո, կլինիկական փորձարկումներ արվում են, արդեն կարծես որոշ ընկերություններ գնում են երրորդ փուլին:

Վահե Տեր-Մինասյան. – Այստեղ անշուշտ կա քաղաքականություն: Էլի, ցավոք, սրտի, բժշկությունն ու քաղաքականությունը իրար հետ միացած են, և անշուշտ այստեղ կա հզոր մրցավազք: Ես սա կհամեմատեի երևի տիեզերագնացության հետ, երբ որ, հիշո՞ւմ եք, Սովետական Միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկը առաջինը տիեզերք էր ուղարկում, մյուսը Լուսին էր ուղարկում: Նույնը տեղի է ունենում հիմա` Ռուսաստանը առաջինը հայտարարեց, որ վակցինան պատրաստ է, բայց դեռևս սեպտեմբերից նոր գնալու է հետազոտությունների երրորդ փուլը: <...> Հիմա, եթե ես չեմ սխալվում, ինչքանով որ տեղեկություն ունեմ, ինֆորմացիա, որոշակի հետաքրքրություն Հայաստանը նույնպես ցուցաբերում է: Եվ էդ երրորդ էտապը կվերջանա մոտավորապես հունվար ամսին:

Մի տարբերակի պարագայում, փաստորեն, մենք կարող ենք միանալ, ասել՝ «գիտե՞ք, ինչ-որ մի բան մեզ տվեք», և մեր ռիսկի խմբի մարդկանց, որոնք ունեն շաքարային դիաբետ, որոնք ունեն քրոնիկ այլ հիվանդություններ, ասենք՝ «գիտե՞ք, եթե ուզում եք, եկեք դուք էլ այս հետազոտությանը միացեք, եկեք ձեզ էլ այս վակցինացիան անենք»:

Ունենք տարբերակ՝ ասում ենք՝ «չէ, դուք դեռ ձեր հետազոտությունները արեք վերջացրեք, հունվար ամսից հետո եթե ամեն ինչ օքեյ կլինի, նորմալ կլինի, այդ ժամանակ մենք կմտածենք, ձեզնից գուցե ձեռք բերենք»: Բայց չէ՞ որ մինչև հունվար ամիս մենք կարող ենք այդ մարդկանց թողնել հիվանդության հետ մեն-մենակ, և կարող է այդ մարդը մահանա:

Հիմա, ո՞րն է ճիշտ, ո՞վ գիտի: Շատ դժվար է այստեղ կողմնորոշվել՝ որ տարբերակն է ճիշտ: Առավել ևս, մենք գիտենք՝ պատվաստանյութերի հանդեպ Հայաստանում շատ, այսպես, ոչ առողջ մթնոլորտ է ստեղծված: Ամեն դեպքում, իհարկե, շատ կոմֆորտ է, շատ հարմար է, երբ բոլոր հետազոտությունները ավարտված են, ամեն ինչ արդեն պատրաստ է, և ձեզ ասես թե հրամցնում են: Բայց մյուս կողմից, իհարկե, ցանկացած երկիր շտապում է, և ես կարծում եմ՝ նաև մեր Առողջապահության նախարարությունը, մեր պետությունը, օր առաջ ուզում է ձեռքի տակ ունենալ այդ վակցինաները: Այստեղ պետք է զուտ լավ ինֆորմացիա հավաքել, լրիվ կշռադատել և նոր դրանից հետո որոշումը կայացնել:

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ պատվաստումը պետք է լինի պարտադի՞ր: Դուք ինքներդ նշեցիք հանրային այդ անառողջ տրամադրությունները, պատկերացրեք ինչպես են շիկացնելու այդ կրակը, եթե հանկարծ նման բան ասվի:

Տեր-Մինասյան. – Միանշանակ կողմ եմ կամավոր տարբերակին: Եվ վերջապես՝ մենք Հայաստանում չունենք պարտադիր պատվաստումներ, բոլոր այս պատվաստանյութերի հետ կապված միշտ նախարարությունը հորդորել է, բայց երբեք որևէ մեկին չի բռնել, Ձեզ երբևէ, Ձեզ, Ձեր երեխաներին ինչ-որ մեկը տարե՞լ է, ուժով պատվաստե՞լ է. այդպիսի բան չկա ու չի կարող լինել, ինչի՞ մասին է խոսքը:

«Ազատություն». – Դե այլ գործիքներ կան, ասենք՝ երեխային դպրոց չեն թողնի, չի կարողանա ճամփորդել, և այլն...

Տեր-Մինասյան. – Հայաստանում, համենայն դեպս, դեռ նման բան չկա: Դե գիտե՞ք, հիմա, եթե չի կարողանա ճամփորդել ո՞րտեղ, օրինակի համար՝ եթե վաղը, մյուս օր եվրոպական երկրները հայտարարեցին, որ «եթե դուք պատվաստված չեք, մենք ձեզ չենք ընդունում», հիմա դուրս է գալիս, որ Հայաստանը ինչ-որ մեկին ուժով ստիպում է, որ պատվաստվի՞. դուք կարող եք չպատվաստվել և չգնալ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG